Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ.
Ուղերձում մասնավորապես ասված է․ «Խոր ցավով տեղեկացա լեգենդար հետախույզ, հայ ժողովրդի արժանի զավակ Գոհար Վարդանյանի մահվան մասին:
Ես և տիկին Ռիտան ամենաջերմ ու լուսավոր հիշողություններն ունենք իմաստուն և համեստ հայուհու` Գոհար Վարդանյանի և նրա երջանկահիշատակ ամուսնու ու զինակցի, լեգենդար հերոս Գևորգ Վարդանյանի հետ մեր բազմաթիվ հանդիպումներից և անկեղծորեն ցավում ենք այս մեծ կորստի համար: Ցավակցում և զորակցություն եմ հայտնում Գոհար Վարդանյանի հարազատներին, մերձավորներին, ընկերներին:
Ողջ կյանքի ընթացքում Վարդանյանների լեգենդար ընտանիքը մշտապես կապ է պահպանել Հայաստանի հետ, ապրել հարազատ ժողովրդի ուրախություններով և հոգսերով, պատերազմի դժվարին տարիներին եղել է անկախ Հայաստանի կողքին, աջակցել անգնահատելի մասնագիտական խորհուրդներով:
Խոնարհվում եմ Գոհար Վարդանյանի լուսավոր հիշատակի առջև և աղոթում նրա ազնիվ հոգու հանգստության համար»,-ասված է ցավակցական ուղերձում: