ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
ՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում իրականացրել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում

ՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում իրականացրել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում

ՍԱՏՄ-ն անդրադարձել է այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ընթացքում հնչեցված մտահոգությանը, թե ոլորտի պատկան մարմինը «մեզ չի ահազանգում կամ գոնե կասեցնում վտանգավոր մթերքի վաճառքը»։

«Տեղեկացնում ենք, որ լրագրողի մտահոգությունն անհիմն է, և առաջարկում ենք հետևել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքին և սոցիալական հարթակների էջերին: Սննդամթերքում, մասնավորապես՝ կաթնամթերքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների մասին արվել է հանրային իրազեկում, դրանք լայնորեն տարածվել և լուսաբանվել են նաև զանգվածային լրատվամիջոցներով, այդ թվում՝ Mediahub-ում:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2026 թվականին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում իրականացրել է պլանային 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում (հիմնական կասեցումները տրվել են ԱՑԽՄ ցուցանիշով, ինչը համարվում է երկրորդային աղտոտման հետևանք):

Միաժամանակ իրականացվել է արտապլանային 86 ստուգում, որոնցից 37-ում հայտնաբերվել են խախտումներ (այստեղ ներառված են նաև վերստուգումները (մեկ կազմակերպությունում կարող է լինել մի քանի վերստուգում՝ կախված լաբորատոր փորձաքննության արդյունքներից))։

Հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները և կասեցումները հրապարակվել-հանրայնացվել են:

Ինչ վերաբերում է կաթնամթերքի շուկայում վերջերս անցկացված անկախ փորձաքննությանը, որի արդյունքում 11 ընկերությունների արտադրանքներում արձանագրվել էին մանրէաբանական անհամապատասխանություններ, ապա դրանց մասին հրապարակումը ևս ընդունվել է որպես ահազանգ և այժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ: Արդյունքները կհրապարակվեն:

Սպառողի անվտանգության ապահովումը մեր առաջնահերթությունն է, Տեսչական մարմինն աշխատում է հրապարակային և թափանցիկ, սննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված յուրաքանչյուր խախտում և անհամապատասխանություն անմիջապես հանրայնացվում է»,- նշել են ՍԱՏՄ-ից:

 

  • Կիսվել: