հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սա քաղաքական ենթատեքստ պարունակող վարքագիծ է, որի պատասխանը պետք է տա իշխանությունը. Մինասյան

Սա քաղաքական ենթատեքստ պարունակող վարքագիծ է, որի պատասխանը պետք է տա իշխանությունը. Մինասյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ ակնհայտ է, որ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ՀՅԴ-ական երիտասարդների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել։

Մինասյանը նշեց. «Երբ սեփական երկրի, սեփական կառավարության անդամի հետ հանդիպելու՝ երիտասարդների պահանջը այդպիսի վերաբերմունքի է արժանանում, սա նշանակում է՝ իշխանության տվյալ ներկայացուցիչն անելիք չունի այս երկրում»:

Նա նաև ասաց, որ երիտասարդների գործողություններն օրինական է համարում․ «Ես կարծում եմ՝ երիտասարդների գործողությունները անօրինական չեն եղել, մուտքը փակելը անօրինական չի եղել։ Եթե այսօրվա իշխանության որոշ գործողություններ օրինական էին համարում, ինչու պետք է ընդդիմադիրների նման գործողություններն անօրինական լինեն։ Սա քաղաքական ենթատեքստ պարունակող վարքագիծ է, որի պատասխանը պետք է տա իշխանությունը»։

Մինասյանը նաև պատասխանեց այն հարցին, թե ինչու ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանն իր աջակցությունը չի հայտնել ՀՅԴ-ական երիտասարդներին. «Ի՞նչ կապ ունի Լևոն Մկրտյանը այս գործողության հետ»։ Դիտարկմանը, որ Արայիկ Հարությունյանն էր հիշատակում նրան, Արծվիկ Մինասյանն ասաց․ «Արայիկ Հարությունյանը շատ բաներ է ասում, հակաօրինական, հակաժողովրդավարական և իր լիազորություններից չգիտակցող վարքագիծ է դրսևորում»։

ՀՅԴ գերագույն մարմնի անդամն ասաց նաև. «Այսօրվա գործողություններից հետո նախարար անունը չպետք է տրվի նման վարքագիծ դրսևորող մարդուն»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, ապա նստել նախարարության մուտքի մոտ։ Ոստիկանները, սակայն, պահանջեցին ազատել նախարարության մուտքը, ապա բռնի ուժով հեռացրեցին երիտասարդներին։ ՀՅԴ երիտասարդները փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը։ Փողոցը բացելու համար ոստիկանական մեծ թվով ուժեր էին կենտրոնացվել, որոնք մի քանի անգամ գերազանցում էին ցուցարարների թվին: Փողոցը բացելուց հետո ցուցարարների մի մասը բերման էր ենթարկվել․ 19 հոգի՝ Կենտրոնի բաժին, 5-ը՝ Էրեբունու։

  • Կիսվել: