չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սա պատերազմ է, ի՞նչ է նշանակում բժիշկները կամավորագրվել են, իրենց կոլեգաներն էլ ավելի շատ են աշխատում. Թորոսյան

Սա պատերազմ է, ի՞նչ է նշանակում բժիշկները կամավորագրվել են, իրենց կոլեգաներն էլ ավելի շատ են աշխատում. Թորոսյան

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց, թե ներկայումս շատ բուժաշխատողներ, իրենց հիմնական աշխատավայրը թողած, պայքարում են կորոնավիրուսի դեմ և, արդյոք վարձատրվելու են նրանք դրա համար, քանի որ այդ բժիշկները չեն կարողանում աշխատել իրենց հիմնական աշխատավայրում։

«Բացի այդ, նրանց փոխարեն աշխատում են այլ բուժաշխատողներ, որոնք կրկնակի աշխատանք են կատարում՝ իրենց գործընկերների բացը լրացնելու համար։ Նրանք վճարվելո՞ւ են, թե՞ ոչ։ Այս հարցը կարևոր է, քանի որ կա իրավաբանական խորհրդատվական խումբ, որն այս պահին անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում բժիշկներին։ Կարո՞ղ եք այդ ամենը ճիշտ կազմակերպել, որ հետագայում խնդիրներ չունենաք»,- դիմելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ասաց Սերգեյ Բագրատյանը։  

«Եթե պատերազմի ժամանակ զինվորները շարքից դուրս են գալիս և այլ զինվորներ նրանց փոխարեն ավելի շատ են կռվում, էլի նման հարցեր ծագո՞ւմ են, թե՝ ոչ: Ինչ է նշանակում բժիշկները կամավորագրվել են, իրենց կոլեգաներն էլ ավելի շատ են աշխատում, բա ինչ պիտի անեն, պիտի շատ աշխատեն: Սա պատերազմ է, պատերազմում գործում են պատերազմական կանոններ, երբ հնարավոր է իրավաբանական որոշ ձևակերպումներ թերանան, կամ ուշանան»,- նշեց Արսեն Թորոսյանը:

Նախարարի  խոսքով, իր համար շատ տարօրինակ է այս հարցում բժիշկներին «իրավաբանական օգնություն» տրամադրելը։

«Որևէ բժիշկ չի մնացել ու չի մնալու առանց մեր աջակցության, եթե իր գործատուի հետ խնդիրներ ծագեն։ Ես անձամբ օգնել եմ նման բուժաշխատողի, որ չի կարողացել հարցը լուծել իր գործատուի հետ, քանի որ ինքնակամ ուզեցել է օգնել իր կոլեգաներին և չի կարողացել դա համաձայնեցնել գործատուի հետ։

Իմ մոտ բժիշկներին «իրավաբանական օգնության» գործունեությունը 5-րդ շարասյան տպավորություն է թողնում, որ այս պատերազմական դրության ժամանակ ուզում են ինչ-որ դիվիդենտներ քաղել՝ իբր պաշտպանելով նսեմացված բժիշկների իրավունքները, ինչը փորձում ենք մենք հնարավորինս անել: Սկզբում կարող էին լինել հրատապ, չկանոնակարգված հարաբերություններ, որոնք աստիճանաբար կանոնակարգվել են։ Ուստի չեմ կարծում, որ ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանելը որևէ խմբակցության կողմից ողջունելի է»,- ասաց Արսեն Թորոսյանը։

  • Կիսվել: