Սա անցնում է բարոյականի սահմանը․ Դավիթ Խաժակյանը՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի գրառման մասին
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ևս անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ շեշտելով, որ այդպիսի որակներով անձը ավագանու անդամի մանդատը կրելու իրավունք չունի:
«Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը, քանի որ վերաբերում է պաշտոնյայի ընտանիքին: Այսպիսի որակներով անձը ավագանու անդամի մանդատը կրելու իրավունք չունի: Հուսով եմ ավագանու գործընկերներս համարժեք գնահատական կտան այս դրսևորմանը:
Հ.Գ. տեղեկացնում են, որ այդ էջում Թովմասյանի դուստրը չէ, իմքայլականը վրիպել է: Բնականաբար չեմ ճանաչում, չգիտեմ: Էական էլ չէ»,- գրել է Խաժակյանը։
Հիշեցնենք՝ Հարթենյանի այս արարքը արժանացել էր հասարակական լայն պարսավանքի։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտելի և բացարձակ մերժելի էր համարել արաքը՝ «հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձից խիստ պահանջելով հստակ գիտակցել իր պաշտոնական կարգավիճակը և գործել բացառապես այդ կարգավիճակի սահմաններում, դրսևորել պատշաճ վարքագիծ»։
Բարձրացված աղմուկից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգա հայտարարությամբ։
ՔՊ կուսակցության վերահսկող հանձնաժողովը ևս արձանագրել է, որ ավագանու անդամի արարքը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: «Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»,- ասվում է հայտարարության մեջ։