շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուսական «National Geographic Traveler»-ը Հայաստանի մասին հոդված է հրապարակել

Ռուսական «National Geographic Traveler»-ը Հայաստանի մասին հոդված է հրապարակել

Ռուսական «National Geographic Traveler»-ը հոդվածով անդրադարձել է Հայաստանին:

Հոդվածում հավաքված են տարբեր փորձագետներից ու տեղացիներից ստացված խորհուրդներ, որոնց միջոցով հնարավոր է դառնում ծանոթանալ ՀՀ-ի չբացահայտված կողմերին:

Հոդվածը սկսվում է Երևանի մասին պատումից: Հեղինակը գրում է. «Օրը Երևանում հաճելի է սկսել մեկ բաժակ սուրճով: Ամռանը ցանկալի է դուրս գալ փողոց վաղ առավոտյան, քանի դեռ օրը չի տաքացել, շատ մարդ էլ չկա: Հաճելի է տեսնել, թե ինչպես է քաղաքն արթնանում»

Հոդվածագիրը նշում է, որ արժե այցելել Կասկադ, Հանրապետության հրապարակ, Մարզահամերգային համալիր, Էրեբունի արգելոց-թանգարան… Նա նաև խորհուրդ է տալիս հաճելի երաժշտություն վայելել «Մալխաս» ակումբում:

Երևանից բացի հոդվածում ներկայացվում են նաև Գյումրին, Վանաձորը, Դիլիջանը, Սևանը՝ յուրաքանչյուրն իր դիտարժան վայրերով:

Գյումրիին անդրադառնալիս հեղինակը գրում է, որ այն պատմությունը պահպանած վայր է: Նա խորհուրդ է տալիս այցելել Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան, ինչպես նաև՝ Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան:

Հեղինակն անդրադառնում է նաև հայկական հյուրասիրությանը՝ այդ համատեքստում խոսելով հայկական խոհանոցի մասին ու հիշատակելով ինչպես տոլման ու խորովածը, այնպես էլ՝ իշխանն ու լավաշը:

Հոդվածագիրը նաև նշում է, որ Հայաստանից որպես հուշանվեր կարելի է տանել գինի, գորգ, կերամիկա, ինչպես նաև՝ նկարներ, քանի որ այստեղ շատ են տաղանդավոր նկարիչները:

  • Կիսվել: