ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ սահմանապահները և Սյունիքի իշխանությունները նշել են Մեղրիի ջոկատի 67-ամյակը (լուսանկարներ)

ՌԴ սահմանապահները և Սյունիքի իշխանությունները նշել են Մեղրիի ջոկատի 67-ամյակը (լուսանկարներ)

Ռուս սահմանապահները և Սյունիքի մարզի իշխանությունները նշել են Մեղրիի սահմանապահ ջոկատի կազմավորման 67-րդ տարեդարձը:

Այս մասին հայտնում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, ինչպես նաև Մեղրիի քաղաքապետարանից։

Զորամասի հրամանատարներն ու անձնակազմն ընդունել են հյուրերին՝ վետերան-սահմանապահներին, Սյունիքի մարզպետարանի, Կապան, Գորիս, Մեղրի համայնքների ղեկավարներին ու տեղակալներին, մարզային ու քաղաքային ոստիկանության, ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաև Մեղրու տարածաշրջանի բնակիչները, այդ թվում՝ «Սահմանապահի պատանի ընկերներ» ջոկատի դպրոցականները:
 
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ռուս սահմանապահներին՝ Իրանի հետ Հայաստանի սահմանի պաշտպանության, մաքսանենգության և անօրինական միգրացիայի կանխարգելման գործում ներդրած ավանդի համար:
 
 
Սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Ալեքսանդր Բուրշտինը շնորհակալություն է հայտնել մարզային և տարածաշրջանային իշխանություններին տարբեր խնդիրների լուծման գործում ցուցաբերած աջակցության համար ՝ հաստատելով ռուս-հայկական բարեկամության անսասանությունը:
 
Իր հերթին Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը նշել շնորհակալություն է հայտնել սահմանապահներին նվիրվածության և սահմանի անվտանգության համար իրենց պատասխանատվության գիտակցման համար։
Արարողության ընթացքում պարգևատրվել են աչքի ընկած սահմանապահները, կայացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդես։
 
Մեղրիի ջոկատը կազմավորվել է 1955 թվականին։ Առաջին իսկ տարիներին սահմանապահներին օգնելու համար ստեղծվել է ավելի քան 60 կամավորական ժողովրդական ջոկատներ, որտեղ ընդգրկված էր շուրջ 1600 մարդ: Տեղի բնակչությունը, ինչպես և այն ժամանակ, այժմ էլ աջակցում է սահմանապահներին։

  • Կիսվել: