կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՔԿՀ պաշտոնյան կաշառք է ստացել և օժանդակել թմրամիջոցի ապօրինի ձեռքբերմանը

ՔԿՀ պաշտոնյան կաշառք է ստացել և օժանդակել թմրամիջոցի ապօրինի ձեռքբերմանը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետի պաշտոնը, 2022 թվականի ընթացքում նույն հիմնարկի դատապարտյալներից ստացել է կաշառք՝ վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար, այդ թվում՝ փորձելով օժանդակել առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի ձեռքբերմանը:

Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ 2022 թվականի հունվարին «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներ Պ. Թ.-ն ու Վ. Գ.-ն ՔԿՀ-ի վերը նշված պաշտոնատար անձին՝ Ա. Գ.-ին, առաջարկել են համապատասխանաբար 50.000 և 80.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց իրենց մատնանշած անձանցից վերցնել և իրենց փոխանցել քրեակատարողական հիմնարկում շրջանառությունն արգելված բջջային հեռախոսներ: Ա. Գ.-ն, ընդունելով դատապարտյալների կողմից կաշառք տալու առաջարկը, հանդիպել է վերջիններիս մատնանշած անձանց և նրանցից վերցրել հեռախոսներն ու գումարը:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն համաձայնվել է նաև կաշառքի դիմաց  թմրամիջոց տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ու փոխանցել դատապարտյալին: Մասնավորապես՝ 2022 թվականի հունվարի 10-ին Ա. Գ.-ն դատապարտյալի մատնանշած անձանցից վերցրել է խոշոր չափի «Մարիխուանա» տեսակի թմարմիջոցն ու կաշառքի առարկա 50.000 ՀՀ դրամը, այնուհետև՝ վերը նշված բոլոր դեպքերով ձեռքբերված պայմանավորվածություններն իրագործելու նպատակով, բջջային հեռախոսներն ու թմրամիջոցի փաթեթը թաքցրել է իր համազգեստի գրպանում և 2022 թվականի հունվարի 15-ին ներկայացել հերթափոխի: Սակայն, մինչ «Արմավիր» ՔԿՀ մուտք գործելը, Ա. Գ.-ն հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական զննության, որի ժամանակ հայտնաբերվել են բջջային հեռախոսներն ու թմրամիջոցը:

Ա. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /3 դրվագ/ և 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ  դատապարտյալներ Վ. Գ.-ին և Պ. Թ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

  • Կիսվել: