«Քանի՞ կոլբա եք ջարդել դեկտեմբերից այս կողմ. Եթե քիչ եք ջարդել, ուրեմն քիչ եք աշխատել». Փաշինյանը՝ դպրոցում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 8–ին, այցելել է Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի միջնակարգ դպրոց, որը վերջերս է վերանորոգվել։ Նրան ուղեկցում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Դպրոցի լաբորատորիայում նա ուսուցիչներից հետաքրքրվեց, թե դեկտեմբերից այս կողմ քանի՞ կոլբա են ջարդել։ Երբ հնչեց պատասխան՝ 1–2 հատ, նա եղրակացրեց. «Ուրեմն, քիչ եք օգտագործել, որովհետև եթե օգտագործենք, ջարդվելը անխուսափելի է։
Վերջին անգամ դպրոցը ե՞րբ է լաբորատոր նյութեր ստացել։ Դուք 30 տարի ստիպված եք եղել առանց լաբորատոր նյութերի դասեր անցկացնել, և դա արդեն 30 տարվա սովորություն է։ Բոլորս պետք է հասկանանք, որ ջանք պետք է ներդնենք, որ սկսենք լաբորատոր նյութերով դասեր անցկացնել, որովհետև 30 տարվա ռուտինը հեշտ չի փոխել։ Այս պահի դրությամբ դա օտար նյութ է դասարանում, դա հարազատ պետք է դարձնել։ Դեռ երկար պետք է աշխատել, որ սերմանվի գիտակցությունը, որ առանց լաբորատոր նյութի քիմիա չկա։
Մենք շնորհակալ ենք, որ նյութի բացակայության պայմաններում մեր դպրոցները, մեր ուսուցիչները աշխատել են, հակառակ դեպքում կարող էին ասել՝ հնարավոր չի քիմիա դասավանդել նորմալ մակարդակի առանց փորձնական աշխատանքի։ Մենք շատ շնորհակալ ենք ձեզնից, որ դուք այդ պայմաններում արել եք»,–ասաց Փաշինյանը՝ կարևորելով, որ բոլոր սեղանների տակ վարդակներ կան, որպեսզի էլեկտրական մանրադիտակները միանան։


