հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քաղաքացին իր կամքով է ցույց տալիս իր հետազոտության արդյունքները. Ավանեսյանը՝ նոր սահմանափակումների պատճառով անձնական տվյալների գաղտնիության խախտման մասին

Քաղաքացին իր կամքով է ցույց տալիս իր հետազոտության արդյունքները. Ավանեսյանը՝ նոր սահմանափակումների պատճառով անձնական տվյալների գաղտնիության խախտման մասին

Քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում, որովհետեւ քաղաքացին իր կամքով է ցույց տալիս իր հետազոտության արդյունքները: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է արտահայտել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, Արմեդ համակարգի տարածմանը զուգընթաց նոր սերվերներ են գնվում եւ տեղադրվում՝ մարդկանց տվյալները ապահով պահելու համար: Իսկ ինչ վերաբերվում է բժշկական եւ անձնական տվյալները գաղտնիությանը, ապա «քաղաքացին իր կամքով է ցույց տալիս իր հետազոտության արդյունքները»:

Ավանեսյանի խոսքով, բոլոր սահմանափակումների, պատվաստման սերտիֆիկատի կամ բացասական թեստի արդյունքների ներկայացման նպատակն է զսպել համավարակի տարածումը:

«Երբ դնում ենք կշեռքի վրա մի կողմից հանրային առողջության կարեւոր հարցը, մարդկանց կյանքի հարցը, մյուս կողմից այս սահմանափակումների անհարմարությունները, ես կարծում եմ, ակնհայտ է, հօգուտ ինչի մենք պիտի նայենք», - ասաց նախարարը:

Նշենք, որ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նոր սահմանափակումները եւ պատվաստման կամ ՊՇՌ թեստի տվյալները ցույց տալը անձնական տվյալների գաղտնիության խախտման հետ կապված լուրջ խնդիրներ է առաջ բերում:

«Եթե իմ QR կոդը ամեն սրճարանում սկանավորեն, ապա կկարողանան տեսնել իմ անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան թիվ եւ անձնագրի համարը։ Լավ, ով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանք։ Ո՞վ ա որոշել, որ իմ անձնագրի համարը հանրային տեղեկատվություն ա։ Ու էդ դեպքում էլի բան ավելացրեք էլի մեջը ֊ տան հասցեն, հեռախոսի համարը, սոցքարտ։ Լիքը աշխատելու տեղ կա, բարեշրջելու», - գրել է մասնագետը։

  • Կիսվել: