Կալանավորվել է Վրաստանի՝ պետական դшվшճшնnւթյան մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարը
Թբիլիսիի քաղաքային դատարանն ընդդիմադիր Միասնական ազգային շարժման (ՄԱՇ) առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Գեորգի Բարամիձեի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը: Նա նախօրեին ձերբակալվել էր պետական դավաճանության և սաբոտաժի մեղադրանքներով, տեղեկացնում է Նովոստի Գռուզիա-ն:
Նշվում է, որ Բարամիձեն ձերբակալվել է սեպտեմբերի 11-ի երեկոյան իր տանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 307¹ («պետական դավաճանություն») և 318 («սաբոտաժ») հոդվածներով։ Այդ հոդվածներով նրան սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում։
Քրեական գործը կապված է հուլիսի 18-ին Յագո Խվիչիայի հեղինակային «Վրաստանի ծնունդը» հաղորդման եթերում Բարամիձեի արած հայտարարությունների հետ։ Քաղաքական գործիչը պատմել է 1992–1993 թվականների աբխազական պատերազմի ընթացքում գերիների փոխանակման շուրջ բանակցություններին իր մասնակցության մասին։
Հիշեցնենք, որ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե ինչու Սուխումում վրացական կողմը գերիների փոխանակման համար բավարար թվով գերիներ չուներ, Բարամիձեն հայտարարել է. «Նրանք [մեր կողմը] գնդակահարում էին»։ Նա տեղի ունեցածը բացատրել է այն մարդկանց ուժեղ հուզական լարվածությամբ և աֆեկտի վիճակով, որոնք կորցրել էին հարազատներին։ Հարցին, թե նույնը տեղի էր ունենում մյուս կողմում, քաղաքական գործիչը պատասխանել է, որ այնտեղ գործում էր «ռուսական կարգապահություն», և փոխանակման համար բավարար թվով գերիներ կային։
Հետագայում Բարամիձեն բազմիցս հայտարարել է, որ իր խոսքերը դուրս են բերվել համատեքստից։ Նրա պնդմամբ՝ ինքը խոսել է պատերազմի առաջին շաբաթներին առանձին կոմբատանտների գործողությունների մասին, երբ պետական կառույցները դեռ ձևավորման փուլում էին, և չի մեղադրել վրացական պետությանը կամ բանակին ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։
Սակայն դատախազությունը հայտարարել է, որ քաղաքական գործչի հայտարարություններն «ունեին կանխամտածված գաղափարական-տեղեկատվական բնույթ» և ուղղված էին Վրաստանի պաշտպանունակությանը և հեղինակությանը, ինչպես նաև վետերանների համբավին վնաս հասցնելուն։
ՄԱՇ-ը իր առաջնորդի քրեական հետապնդումը քաղաքականացված է համարում։



