կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փրկարարները վերապատրաստվում են Էլեկտրամոբիլների և արևային էլեկտրակայանների հետ աշխատելու ուղղությամբ

Փրկարարները վերապատրաստվում են Էլեկտրամոբիլների և արևային էլեկտրակայանների հետ աշխատելու ուղղությամբ

ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի նախաձեռնությամբ փետրվարի 14-ից 16-ը ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների ծառայողների համար կազմակերպվել և անցկացվել է «Էլեկտրամոբիլների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների անվտանգության ապահովում» և «Արևային էլեկտրակայանների հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման և իրականացման առանձնահատկությունները» թեմաներով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են տարածքային ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական ջոկատներից թվով 15 փրկարար: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դասընթացն անց է կացվել երկու փուլով․ տեսական և գործնական։ Դասընթացի տեսական փուլում փրկարարներին ներկայացվել են հետևյալ թեմաները. «Էլեկտրական ավտոմեքենաների նկարագիրը և կառուցվածքը», «Հիբրիդային ավտոմեքենաների նկարագիրը և կառուցվածքը», «Էլեկտրական ավտոմեքենաների վթարի դեպքում անվտանգության ապահովում», «Փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում էլեկտրական ավտոտրանսպորտային պատահարների դեպքում», «Այլընտրանքային էներգիայի նկարագիրը. արևային ջրատաքացուցիչներ, դրանց տեսակները և հրդեհավտանգությունը», «Արևային էլեկտրակայանների նկարագիրը, դրանց տեսակները. արևային էլեկտրակայանների վտանգավոր գործոնները», «Արևային էլեկտրակայաններում առաջացած հրդեհների առաջացման հիմնական պատճառներն ու դրանց մարման առանձնահատկությունները», «Այլընտրանքային էներգիայի աղբյուր հադիսացող հողմային էլեկտրակայանների նկարագիրը և դրանց հրդեհաշիջման առանձնահատկությունները», «Արևային էլեկտրակայանների տեսակները, կառուցվածքը, առանձնահատկությունները և անվտանգության ապահովումը»:

Վերապատրաստման գործնական փուլն անցել է «Տեսլա Էներջի» ընկերության ավտոսրահում, որտեղ փրկարարները տեղում ծանոթացել են էլեկտրական ավտոմեքենաների առանձնահատկություններին և կոնստրուկցիաներին:

Էլեկտրամոբիլների սպասարկման առաջատար մասնագետ Սամվել Ասոյանը փրկարարներին գործնականորեն ներկայացրել է տեսական դասընթացների ընթացքում ուսումնասիրած թեմաները: Հիմնական շեշտը դրված է եղել էլեկտրական ավտոմեքենաների մարտկոցների յուրահատկությունների և վտանգների, վթարի դեպքում անվտանգության կանոնների պահպանման, ճիշտ ու ապահով հոսանքազրկման գործընթացի վրա:

Գործնական դասընթացի ավարտին ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոս, փ/ծ կապիտան Վահագն Հովակիմյանը մասնակիցներին հանձնեց մասնակցության հավաստագրեր:

Նշենք, որ ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ում փրկարարների վերապատրաստումները կրում են շարունակական բնույթ:

  • Կիսվել: