ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Փրկարար ծառայության տնօրենը մարդկային գործոն է տեսնում «Դոլմամա»-ի տանիքում բռնկված հրդեհում

Փրկարար ծառայության տնօրենը մարդկային գործոն է տեսնում «Դոլմամա»-ի տանիքում բռնկված հրդեհում

«Այն, որ մարդկային գործոնի արդյունք է, դա միանշանակ է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն՝ անդրադառնալով «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհին։

«Այսինքն` տեխնիկական առումով կարող է, օրինակ` լարերը ոչ ճիշտ միացված լինեն, հրդեհային անվտանգության կանոններն ապահովված չլինեն, և դրանից առաջանա»,-  նշեց ծառայության տնօրենը։

Վրեժ Գաբրիելյանի խոսքով՝ հիմա ակտիվ հրդեհաշիջման փուլն է, քիչ հետո կհայտարարվի կրակի մեկուսացում, դրանից հետո կշարունակվեն հրդեհաշիջման աշխատանքները, ակտիվ հանգեցման աշխատանքներ կտարվեն և հրդեհը կավարտվի:

Նա նշեց նաև, որ ամբողջ տարածքը 500 քմ է, որից 50-ն այրվել էր մինչև հրշեջների դեպքի վայր ժամանելը, և հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ևս 200-ն այրվել է:

Վրեժ Գաբրիելյանն ասաց, որ շենքի հրդեհը չի տարածվել հարևան շենքերի ուղղությամբ, և դրանք անվտանգ վիճակում են։

Նրա խոսքով՝ հրդեհաշիջումը բարդ է ընթացել, քանի որ բոլոր կառուցատարրերը փայտյա են, շենքը հին է, ինչն էլ դժվարացնում է աշխատանքների իրականացումը։  Նա մեկ անգամ ևս վստահեցրեց, որ ոչ մի կողմի վրա հրդեհը չի կարող զարգանալ. «Պաշտոնապես հայտարարում եմ»։

 

 

  • Կիսվել: