կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Փոփոխություններ՝ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության 2022-2025 թթ․ ծրագրում

Փոփոխություններ՝ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության 2022-2025 թթ․ ծրագրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության 2022-2025 թթ․ ծրագրում կիրականացվեն մի շարք փոփոխություններ․ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է նախագիծը։

Ըստ այդմ՝

 սահմանվել է ամուսինների գումարային տարիքի առավելագույն շեմ՝ 75 տարի․ տարիքային շեմը գերազանցելու դեպքում՝ պարտադիր է ունենալ առնվազն մեկ անչափահաս երեխա,

 ՀՀ քաղաքացիություն ունենալու պայմանը վերաբերում է շահառու ընտանիքի բոլոր անդամներին,

 շահառու կհամարվի նաև ամուսնուն (կնոջը) կորցրած (մահացած, զոհված) և առնվազն 1 անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողը,

 Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով տրամադրվող աջակցության դեպքում՝ կտրվի 5 մլն հավելում:
Սա վերաբերում է այն անձանց, ովքեր դիմելու օրվա դրությամբ՝ վերոնշյալ բնակավայրերից որևէ մեկում ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում: Շահառուների նոր շրջանակին վերաբերվող փոփոխությունները կգործեն օգոստոսի 1-ից։

 Հաշվի առնելով նաև ծրագրի բարձր դիմելիությունը, որոշվել է ծրագիրը սահմանափակել 2,000 գործարքով, իսկ հետագա շարունակականության հետ կապված հարցերը քննարկել լրացուցիչ։
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում քաղաքացիները կարող են սահմանամերձ գյուղական բնակավայրերում կառուցել իրենց սեփական տունը՝ պետության ֆինանսավորմամբ։ Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մինչև 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսագումարի չափով մարման համար։

 Միջոցառման գործընկեր բանկերն են՝ ԱԿԲԱ բանկը, Ամերիաբանկը, Էվոկաբանկը, Կոնվերս Բանկը, Յունիբանկը և Ֆինքան։

Հունիսի 27-ի դրությամբ՝ ծրագրի շրջանակում հաստատվել է շուրջ 1334 շահառուի հայտ, որից 853-ի հետ կնքվել է հիփոթեքային վարկավորման պայմանագիր և վարկը տրամադրվել է։

  • Կիսվել: