Պետությունը նպատակ է դրել պատվաստել հնարավորինս մեծ թվով քաղաքացիների. փոխվարչապետ
Պետությունը ցանկանում է ունենալ կորոնավիրուսի դեմ հնարավորինս շատ թվով պատվաստված քաղաքացիներ, այդ ուղղությամբ քաղաքականությունը միտված է լինելու հնարավորինս շատ մարդկանց համոզելուն, խրախուսելուն, որ պատվաստվեն: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ AstraZeneca-ով պատվաստումից հետո լրագրողների հետ զրույցում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ավինյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատվաստվել են AstraZeneca-ով:
Նշենք նաև, որ AstraZeneca-ի բացված սրվակով պատվաստվեցին նաևՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, Ավանեսյանի ամուսինը, քույրը: Պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը նրանք պետք է ստանան 2 ամիս հետո:
«Պատվաստման տեմպերը տարբեր երկրներում էականորեն ազդել են ներքին կարգավորումների, զբոսաշրջության, այլ երկրների հետ հարաբերությունների և առհասարակ տնտեսական իրավիճակի վրա: Միանշանակ, մեր քաղաքականությունը պետք է լինի հնարավորինս շատ մարդկանց համոզել, խրախուսել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացին մասնակցեն»,-ասաց Ավինյանը:
Նրա խոսքով՝ պատվաստումն էականորեն ազդում է նաև կորոնավիրուսի թվերի վրա՝ նշելով, որ ինչպես այլ երկրների փորձն է ցույց տալիս, պատվաստումների քանակը դրականորեն է ազդում, և այդ երկրները կորոնավիրուսի նոր դեպքերի բավականին ցածր քանակ են գրանցում:
Ավանեսյանն էլ ասաց, որ այս պահին պատվաստվելը հնարավորություն է տալիս խուսափել հետագա ալիքներից: «Աշխարհի մի հատվածում ալիքները բարձրանում են, մյուսում՝ իջնում, բայց մենք անընդհատ տագնապի վիճակում ենք գտնվում, քանի որ ամեն ալիքի հետ հիվանդության ծանրությունը բարձրանում է: Մեզ մոտ համամասնությամբ՝ ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի թիվն ավելանում է, քանի որ շրջանառվում են զանազան շտամեր: Եվ այլ հանգամանքներից ելնելով էլ՝ մենք օր առաջ պետք է կանխենք հիվանդացության տարածումը»,-նշեց նա:
Ավանեսյանը հավելեց նաև, որ ըստ պատվաստանյութի առկայության քանակների՝ պետք է հնարավորինս լայնացնել շրջանակները, թե ում են պատվաստում: «Ունենք երկու հղի, որոնք ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, և մեր կարծիքով, եթե, օրինակ, նրանց բարեկամները, որոնք ռիսկի խմբի մեջ չեն ներառված, պատվաստված լինեին, այդ հղիները նման ծայրահեղ վիճակում չէին հայտնվի: Եվ կան շատ այլ դեպքեր, և մեր նպատակն է հնարավորինս մեծ թվով պատվաստված քաղաքացիներ ունենալ, որոնք կապահովեն հանրային իմունիտետը»,-ասաց նա:
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանում ի սկզբանե տարիքային շեմ էր դրվել AstraZeneca-ով պատվաստման համար՝ նկատի ունենալով նաև թրոմբի առաջացման հավանականությունը՝ Ավանեսյանն ասաց, որ այդ պատճառահետևանքային կապը դեռ վերջնական հաստատված չկա: Նա նշեց. «Վերջին շրջանում աղմուկը և նման դեպքերի առկայությունը գրեթե զրոյական է: Եվ նման ցուցումները շատ ավելի հայեցողական կամ ավելորդ զգուշության միտում ունեին»:
Նա հավելեց նաև, որ այդ տարիքային շեմը գործում է ռիսկի խմբի ներկայացուցիչների համար: