Պայթյուն և խոշոր հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից
Այսօր` հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի 9-րդ Մասիվում՝ Վիլնյուսի փողոցի 3-րդ շենքի բակում գտնվող էլեկտրաենթակայանի մոտ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5 և 11 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Հրշեջները մարել են ենթակայանի հարևանությամբ կայանված «UAZ» մակնիշի ավտոմեքենայում բռնկված հրդեհը։
Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկներ Գեղամ Անտոնյանն ու Արտակ Սաֆարյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։
Տեղում պարզվել է, որ նշված ենթակայանի մոտ «Թիմ Տելեկոմ»-ի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենան կայանել է «Թիմ Տելեկոմ»-ի աշխատակիցը, ով աշխատանքներ է իրականացրել և իրենց պատկանող կապի միջոց վահանին էլեկտրաէներգիա տալու ժամանակ ավտոմեքենայի մեջ տեղադրված գեներատորից հրդեհ է բռնկվել և տարածվել ավտոմեքենայի մեջ, ինչի ժամանակ էլ նաև պայթյուն է տեղի ունեցել։ Այդ ամենի հետևանքով «Թիմ Տելեկոմ»-ի աշխատակցի՝ աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով խոշոր չափի վնաս է պատճառվել ՀԷՑ-ի ենթակայանին և դրանից դուրս եկող մալուխների, ինչի հետևանքով նշված ենթակայանից սնուցվող 5 բազմաբնակարանային շենքեր հոսանքազրկվել են։
Արդեն ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով ՀԷՑ-ի մասնագետներն անհետաձգելի աշխատանքներ են իրականացնում, որպեսզի էլեկտրամատակարարումը վերականգնվի։
Ֆոտոլրագրողը հայտնում է տեղեկությունները, որ հրդեհը բռնկվել է ՀԷՑ-ի սպասարկվող մեքենայից, իրականությունից հեռու է։
Տեղում «Թիմ Տելեկոմ»-ի աշխատակիցը ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկաններին հայտնել է, որ կրակի մատնված ավտոմեքենան պատկանում է իրենց ընկերությանը։



