երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Պատվաստվածների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքեր կան. Անահիտ Ավանեսյան

Պատվաստվածների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքեր կան. Անահիտ Ավանեսյան

Հայաստանում պատվաստվածների շրջանում կան կորոնավիրուսով վարակվածներ։ Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այո՛, ունենք վարակման դեպքեր: Իրականացրել ենք 267 հազար պատվաստում, դրա շրջանակներում մի քանի տասնյակ դեպքեր ունենք, որ քաղաքացիները վարակվել են: Բայց նաև ունենք, որ շատ ավելի մեղմ է ընթացել հիվանդությունը նրանց մոտ: Ծանր դեպքեր չենք ունեցել: Այս «Դելտա» շտամը որոշակի փոփոխություններ է բերում թե՛ վարակելիության բարձր մակարդակի առումով, թե՛ հիվանդացության ծանր ընթացքով»,- ասաց Ավանեսյանը:

Ավանեսյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ ուսուցիչները, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը, հանրային սննդի օբյեկտների և մի շարք կազմակերպությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, որոնք հրաժարվում են պատվաստվելուց և չունեն որևէ հակացուցում, պետք է ամսական երկու անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն։

«Պիտի անենք ամեն ինչ՝ պաշտպանելու մեր քաղաքացիների առողջությունը, կյանքը: Իհարկե, անհարմարությունները և որոշակի սահմանափակումները ևս գործիքակազմ են, որով պիտի հասնենք այդ նպատակին: Իհարկե, պատվաստումները կարևոր են, բայց եթե անձինք որոշ պատճառներով հրաժարվում են պատվաստվել, ապա նրանց հնարավորություն է ընձեռվում հավաստելու ոչ վարակակիր լինելու փաստը և ներկայանալու աշխատանքի՝ չվարակելու իր կոլեգաներին»,- նշեց Ավանեսյանը:

  • Կիսվել: