երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող:

Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների բռնկումը և հնարավոր աղետալի հետևանքները։ Շրջիկ իրազեկումը՝ թռուցիկների, անօդաչու թռչող սարքերի և բարձրախոսների օգնությամբ նպատակ են հետապնդում բարձրացնել բնակչության տեղեկացվածության մակարդակը։

Իրազեկման շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում հանգստի գոտիներին և զբոսաշրջային վայրերին, որտեղ հրդեհների առաջացման հավանականությունն առավել բարձր է։

Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳ նախարարությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն և խստորեն հետևել հրդեհային անվտանգության կանոններին։

Հիշեք, անվտանգության կանոններից աննշան շեղումն անգամ տոթ ու տապ օրերին կարող է դառնալ մեծ հրդեհի պատճառ:

  • Կիսվել: