երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պատերազմից ծնված գրողը. Նարեկ Վարդանյան

Պատերազմից ծնված գրողը. Նարեկ Վարդանյան

44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Վարդանյանն արդեն Զինվորի տան աշխատակից է:

Այսուհետև շաբաթը մեկ Զինվորի տան էջում կկարդաք Նարեկի պատմվածքները: Նարեկի սյունյակում կկարողանաք ծանոթանալ նրա հետ այստեղ բուժված տղաներին, բժիշկներին, մարտական ընկերներին:

Ամեն անգամ այս պատմվածքները կօգնեն բացահայտել մարդու մի նոր տեսակ՝ պատերազմի միջով անցած Նարեկի աչքերով: Դե…բարի ընթերցում: Այս անգամ պատմվածքը Զինվորի տանը բուժվող Նորայրի մասին է:

Փայտագործ-արվեստագետը՝ Նորայրը

«Ես իմ անու՛շ Հայաստանի՛»… շողում են Նորայրի աչքերը, սիրում է գրականությունը, սիրուն է արտասանում։

Երբ տարածքը սակավամարդ է լինում, մի քիչ թաքուն, մի քիչ քաշվելով ասմունքում է Նորոն, սիրուն է ասմունքում, դադարներ տալիս՝ զգում լեզվի ու բառի շունչը։

Նորայրը 44-օրյա պատերազմին կամավոր է գնացել։ Առողջական խնդրի պատճառով ազատվել է ժամկետային ծառայությունից, սակայն պատերազմի օրերին կամավորագրվել ու գաղտնի է պահել իր ծառայած չլինելու փաստը, որպեսզի առաջնագիծ գնա։

Ասում է. «Հենց պատերազմն սկսվեց, ուսապարկս վերցրի ու Արցախ շտապեցի՝ կարծես կանչում էր Արցախը, Շուշին, հողը»:

«Արևահամ բարն եմ սիրում»,- շարունակում է Չարենց արտասանել, ու երբ նրա հետ կիսաձայն արտասանում եմ, ուղղում է՝ Բառը չէ, բա’րը, բարը բերքն է, բարիքը,- բացատրում է նա։
Երբ պայմանավորվում էինք զրույցի համար, ասում էր՝ ինչ կարիք կա, ես հասարակ տղա եմ, ինձ հետ զրույցից ինչ պիտի դուրս գա։

Հիմա, երբ ինձ լեզվի նրբություններն է բացատրում, զարմանում եմ, ինքն էլի համեստորեն ասում է՝ դպրոցում շատ չէի սովորում, բայց գրականություն սիրում էի։ Դպրոցն է ավարտել Նորոն, դպրոցից հետո ցավի ու կարիքի համալսարանն է ավարտել։

Տարբեր աշխատանքներ է կատարել իր 37 տարիների ընթացքում, որպեսզի օգնի ընտանիքին։ Մի անգամ, մի սիրուն ու արևոտ օր սիրահարվել է փայտին, հողին, «մայր լեզվին», հայրենիքին ու անդառնալիորեն մնացել սիրահարված։ Երկար տարիներ կահույքագործ է աշխատել, փայտը դարձրել իր կենսակերպի մի մասը, մի կարևոր ու նշանակալից մասը։

Էրեբունի հիվանդանոցում ես ու Նորոն իրար կողք պառկած էինք՝ անշարժ, անհույս։ Ինձնից առաջ իմ մահճակալին պառկած վիրավորն էլ էր շուտ դուրս գրվել, ինձ Նորոյից ավելի շուտ տեղափոխեցին Զինվորի տուն։

Տեղափոխելիս Նորոն ասաց՝ տեղափոխվում եմ քո մահճակալ, դա շուտ դուրսգրվողների մահճակալն է ու պատվիրեց. «Գնա, ինձ համար, քո կողքը շուտ առողջացնող մի մահճակալ պահի, մինչև գամ»:

Եկավ Նորոն, պառկեց իմ պահած մահճակալին և իր դրական ու բարի էներգիան սփռեց շուրջը, որ ոտքի կանգնենք, որ վերականգնվենք ու քայլենք։

Նորոն անձնազոհ մարդ է, լի անանձնական երջանկությամբ. հաճախ կարելի է տեսնել նրան Զինվորի տան մի անկյունում նստած՝ ժպիտով հետևելիս տղերքից որևէ մեկի քայլելուն։ Թվում է՝ ընկերների մասին ավելի է մտածում, մտահոգվում, քան իր։

Նորոն ասում է. «Ուզում եմ ու պիտի’... ավելի ամուր կանգնենք հողին, ավելի շատ ծառ տնկենք, աշխատենք, ստեղծագործենք. ապրենք ու ապրեցնենք։»

Հետո տխրում է. «Մենք անընդհատ ձախողելու ենք, քանի դեռ խաղաղ ժամանակ, ու միշտ, չենք սիրում մեր հողը, հարևանին ու աշխարհը։ Մեր երկրին սեր է պակասում»: Պատմում է.

-Երբ Արցախ գնացինք, չափազանց զգուշավոր էի, մի քար, մի թուփ էի գտնում ռմբակոծության ժամանակ, թաքնվում հետևում, մինչև այն պահը, երբ ընկերս վիրավորվեց։ Այդ պահին միանգամից ցնդեցին վախերս ու զգուշավորությունս, միայն ընկերոջս էի տեսնում։

Դժվարությամբ իջեցրի բուժօգնություն ստանալու։ Հետո հաջորդ վիրավորներին փորձեցի օգնել ու չհասկացա էլ ոնց ու երբ վիրավորվեցի։

Նորոն Շուշիում է վիրավորվել՝ վիրավորներին իջեցնելիս: Ողնուղեղն է վնասել։ Հիմա ոտքերը չի զգում, բայց սրտով ու հոգով ամուր զգում է մայր հողը։

Հոգոց է հանում. «Եթե հողը, տունը, ինքներս մեզ շատ սիրեինք, էսպես չէր լինի»:
«Ու Նաիրյան աղջիկների..» Նորոն ֆիթնես, տրինաժոր է պարապում։ Ուզում է մրցումների մասնակցել։ Խելքը գնում է սպորտի համար։

Մի ուրիշ, մի նվիրական երազանք էլ ունի Նորոն. Երազում է մի օր իրենից երիտասարդներին փայտի հետ աշխատել սովորեցնել, սովորեցնել իր աշակերտներին փայտը սիրել, հողը սիրել, ինքդ քեզ սիրել։

«..էլի ես որբ ու արնավառ, իմ Հայաստան յարն եմ սիրում»…

-Երբեմն ընկած ծառերն էլ կարող են բողբոջել, շիվեր տալ, ծաղկել…

Իմ ընկերն է Նորոն, մեր վաղվա ծաղկող ու քաղցր պտուղներ տվող ծառն է Նորոն՝ փայտագործն ու արվեստագետը՝ համեստ, լուռ, թաքուն երազանքներով, պայքարող տղան։

  • Կիսվել: