երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
«Փաստ». Երբ Հայաստանում հետաքննություն կանցկացվի` պարզելու համավարակի դեմ պայքարի «արդյունավետությունը»

«Փաստ». Երբ Հայաստանում հետաքննություն կանցկացվի` պարզելու համավարակի դեմ պայքարի «արդյունավետությունը»

«Փաստ»-ը գրում է.

«Հայաստանում կորոնավիրուսի համավարակը շարունակում է տարածվել, և վարակվածության ցուցանիշը մոտենում է 30 հազարի սահմանագծին։ 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներով Հայաստանը մնում է տարածաշրջանում առաջատարը, իսկ աշխարհում առաջին տասնյակում է։

Ամեն օր վարակվածների հարյուրավոր նոր դեպքեր են գրանցվում, ըստ այդմ՝ աճում է նաև մահացածների թվաքանակը։ Եվ իրավիճակի ամբողջ բարդությունն այն է, որ իրավիճակը հակված է ավելի ահագնանալուն։ Իր ճեպազրույցի ժամանակ սրա մասին խոստովանեց նաև վարչապետ Փաշինյանը։

Վերջինս նշեց, թե ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ իրավիճակը գլխիվայր կշրջվի։ Չկա երաշխիք, որ մի X պահի չենք ունենա 800, 900, 1000 նոր դեպք: Սակայն վարչապետը չմանրամասնեց, թե արդյոք Հայաստանը որքանո՞վ է պատրաստ նման սցենարի, և մեր երկրի առողջապահական հնարավորությունները կարո՞ղ են դիմանալ այդպիսի ճնշման։

Բոլորիս համար շատ կարևոր հարց է, թե ինչո՞ւ հենց Հայաստանն է հայտնվել վարակի տարածման առումով ամենավատ ցուցանիշներն ունեցող երկրների շարքում այն դեպքում, երբ աշխարհի տարբեր երկրներ կարողացել են արդյունավետ պայքար մղել կորոնավիրուսի տարածման դեմ։ Հեռու չգնալու համար բերենք հարևան Վրաստանի օրինակը։

Այս հարցն է, որ հանրությունը շարունակաբար բարձրացնում է։ Եվ պատահական չէ, որ վարչապետի՝ ավանդական դարձած ճեպազրույցների ժամանակ վերջինիս անընդհատ հարցեր են տրվում այն մասին, թե որո՞նք են իշխանությունների սխալներն ու բացթողումները, և ովքե՞ր են դրանց համար պատասխանատու պաշտոնյաները։

Ինչպես միշտ, վարչապետը աշխատում է խուսափողական պատասխանների միջոցով շրջանցել թեման։ Փաշինյանը փորձում է իրավիճակի շուրջ համեմատականներ անցկացնել այն զարգացած երկրների հետ, որտեղ նույնպես համաճարակային ծանր իրավիճակ է։ Եվ վերջին նման համեմատությունը վերաբերում էր Իսրայելին, թե այդ երկրում համաճարակային այնպիսի իրավիճակ է, ինչպիսին Հայաստանում է։

Ինչո՞ւ վարչապետը կոնկրետ չի նշում, թե ինչ բացթողումներ են ունեցել այս ընթացքում, չէ՞ որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վարակի տարածման սկզբնական շրջանում իշխանություններն անլուրջ վերաբերմունք էին դրսևորում՝ քարոզարշավի ընթացքում կազմակերպելով զանգվածային միջոցառումներ։

Ըստ ամենայնի, վարչապետն իր ելույթներում փորձում է ասել, որ եթե աշխարհի շատ զարգացած երկրներում կարող են իրավիճակի հետ կապված բացթողումներ լինել, ապա Հայաստանը դժվար թե խուսափեր դրանցից։

Սակայն այստեղ կա մեկ բայց, որը Փաշինյանը հաշվի չի առնում։ Այդ զարգացած երկրներում արդեն հետաքննություններ են սկսվել այն հարցի շուրջ, թե իշխանությունները որքանով են արդյունավետ քայլեր ձեռնարկել համավարակի դեմ պայքարում։ Այսպիսի հետաքննություններ կատարելու գործընթացներ սկսվել են արդեն Ֆրանսիայում, Շվեդիայում, Իտալիայում։

Մեզ մոտ ճիշտ հակառակն է: ՀՔԾ-ն նույնիսկ հարկ չի համարում քննություն կատարել՝ պարզելու հանցակազմ կա՞, թե՞ չկա, ու միանգամից հրաժարվում է քրգործ հարուցել: Սակայն վաղ թե ուշ այս հարցին բախվելու են նաև մեր իշխանությունները։ Հնարավոր է՝ հաջորդ իշխանությունները, որովհետև այս իշխանությունները հազիվ թե քննեն իրենց վերաբերող որևէ հարց՝ շատ լավ իմանալով, որ հետևանքները կարող են շատ ծանր լինել:

Մյուս կողմից՝ համաճարակային իրադրության սրացմանը զուգահեռ ԱԺ-ում իշխանությունների կողմից առանց հանրային տրամադրությունները հաշվի առնելու այնպիսի խնդրահարույց օրենքներ են ընդունում, նախագծեր ներկայացնում, որոնք հանրության զայրույթն են առաջացնում։ Բայց որպեսզի հասարակությունը չընդվզի, անընդհատ երկարաձգում են արտակարգ դրության ռեժիմը:

Ըստ ամենայնի, ժամանակին առանձին հետաքննության առարկա կարող է դառնալ նաև այն հանգամանքը, թե արդյոք իշխանություններն օգտվել են երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից իրենց քաղաքական շահերն առաջ տանելու և ընդդիմախոսներին, ինչպես նաև հանրային լայն շերտերին լռեցնելու համար...»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: