Աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է այլ ճգնաժամերի վրա, և մարդկությունը պատրաստ չէ նոր համավարակի. ԱՀԿ ղեկավար
Կորոնավիրուսի դասերը կարող են մոռացվել, քանի որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է այլ ճգնաժամերի վրա, և մարդկությունը պատրաստ չէ նոր համավարակի: Այս մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այն ցավալի դասերը, որոնք մենք քաղել ենք COVID-19 համավարակից, վտանգ կա, որ կմոռացվեն, քանի որ ուշադրությունը սևեռված է մեր աշխարհի առջև ծառացած բազմաթիվ այլ ճգնաժամերի վրա»:
Գեբրեյեսուսի խոսքով՝ եթե աշխարհը չսովորի իր դասերը, ապա հաջորդ անգամ «ծանր գին է վճարելու»։ Նա ընդգծել է, որ հարցն այն չէ, թե արդյոք նոր համավարակ կսկսվի, այլ այն, թե երբ դա տեղի կունենա։ ԱՀԿ ղեկավարը նշել է, որ նոր համավարակի պատճառ կարող է լինել գրիպի վիրուսը, նոր կորոնավիրուսը կամ նոր հարուցիչը։
ԱՀԿ-ի ղեկավարը կոչ է արել երկրներին հաղթահարել տարաձայնությունները, որոնք ի հայտ են եկել համաճարակներին պատրաստվածության վերաբերյալ միջազգային համաձայնագրի մշակման շուրջ խորհրդակցությունների ընթացքում։