Մենք ռազմագերիների մասով իրականացվող գործառույթ կամ մանդատ չունենք. ԱՀԿ ներկայացուցիչ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ռազմագերիների մասով իրականացվող գործառույթ կամ մանդատ չունի: Այս մասին Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման շրջանակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ԱՀԿ արագ արձագանքման բժշկական թիմերի ցանցի ղեկավար Ֆլավիո Սալիոն:
«ԱՀԿ-ն չի ցանկանում որևէ անձի տեսնել վիրավոր կամ հիվանդ, բայց ԱՀԿ-ն երկրների հետ աշխատում է թե ՛ճգնաժամերի, թե՛ հակամարտությունների ընթացքում, նաև դրանցից առաջ փորձելով ապահովել տվյալ երկրի պատրաստվածության մակարդակը: Կարող եմ նշել, որ դա ավելի շատ ՄԱԿ-ի գործառույթն է»,- նշեց Սալիոն:
Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանն էլ ընդգծեց, որ ԱՀԿ–ն պատերազմական գործողությունների ընթացքում պետք է փաստաթղթավորի բուժաշխատողների թիրախավորման դեպքերը, հաշվի և համապատասխան օղակներին հաղորդի այդ մասին:
Նրա խոսքով՝ նմանատիպ դեպքերը հետաքննելու, քրեական առումով դիտարկելու հնարավորություն ԱՀԿ–ն չունի, որովհետև նման գործառույթը ենթադրում է հրատապ բժշկական փորձաքննություն, բազմաթիվ տեղեկությունների հավաքում: