երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Պարզաբանում՝ խմելու ջրի որակի վերահսկողության վերաբերյալ

Պարզաբանում՝ խմելու ջրի որակի վերահսկողության վերաբերյալ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չէ։ Այս մասին նշված է կենտրոնի պարզաբանման մեջ։

«Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով։

Խմելու ջրի որակի նկատմամբ իրականացվում է արտադրական հսկողություն՝ ջրամատակարարում իրականացնող կազմակերպության կողմից, իսկ սահմանված սանիտարական կանոնների և նորմերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չէ։ Միաժամանակ, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման շրջանակում ՀՎԿԱԿ-ն իրականացնում է խմելու ջրի անկախ մոնիթորինգ և լաբորատոր հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու հնարավոր սանիտարահամաճարակային ռիսկերը և անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու համապատասխան հանրային առողջապահական միջոցառումներ։

Այսպիսով, ջրի որակի արտադրական հսկողությունը, պետական վերահսկողությունը և ՀՎԿԱԿ-ի կողմից իրականացվող անկախ մոնիթորինգը տարբեր գործառույթներ են, որոնք ընդհանուր առմամբ միտված են բնակչության առողջության և սանիտարահամաճարակային անվտանգության պահպանմանը»,- նշում են կենտրոնից։

  • Կիսվել: