Պարեկները հայտնաբերել են Mercedes-ը, որով Գյումրիում կրակոցներից հետո մի քանիսը հեռացել էին դեպքի վայրից
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները, օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, որը տեղափոխվել է ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք, հաղորդում է Shamshyan.com–ը։
Նշված ավտոմեքենան հունիսի 19-ի՝ լույս 20-ի գիշերը, կայանված է եղել Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ, որտեղ տեղի էր ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքը, որի ժամանակ հնչել էին կրակոցներ և հենց նշված ավտոմեքենայով են մասնակիցների մի մասը հեռացել դեպքի վայրից:
Ոստիկաններն ու քննիչները արդեն ունեն ենթադրյալ կասկածյալերի շրջանակ, ինչպես նաև գիտեն՝ ինչն է եղել վիճանության, ծեծկռտուքի և կրակոցների պատճառը:
Ավելի վաղ հունիսի 19-ի՝ լույս 20-ի գիշերը Գյումրի քաղաքում կրակոցներ են հնչել և կա վիրավոր:
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այդ օրը վիճաբանություն էր տեղի ունեցել Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում գործող «Գյումրի» հացատան դիմաց, որի ժամանակ մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով մի քանի կրակոց էր արձակել և ըստ օպերատիվ տվյալերի՝ 1 հոգի վիրավորում էր ստացել կրակոցից, 2 հոգի էլ՝ ծեծկռտուքի հետևանքով:
Ոստիկանները հանրապետությունում գործող բժշկական հաստատություններից պարզել էին, որ ոչ մի վիրավոր չի տեղափոխվել հիվանդանոց, սակայն մեկ այլ օպերատիվ տեղեկությամբ էլ վիրավորները բուժումներ են ստացել տնային պայմաններում:
Ոստիկաններն արդեն գիտեն մասնակիցների և կրակոցներ արձակողի ինքնությունը, ով Գյումրիում հայտնի քրեական պատմությունների մեջ բազմիցս ներգրավված է եղել: