երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ովքե՞ր կարող են ՀՀ–ում երթևեկել մգացված ապակիներով

Ովքե՞ր կարող են ՀՀ–ում երթևեկել մգացված ապակիներով

Հայաստանում դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին պատկանող մեքենաները կարող են երթևեկել մգացված ապակիներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
 
Ավելի վաղ նկատել էինք, որ ՀՀ–ում գործող դեսպանատների, դիվանագիտական ներկայացուցչությունների մեքենաները երթևեկում են սահմանված չափը ակնհայտ գերազանցող մգացված ապակիներով։ ՆԳՆ–ին հարցրել էինք` արդյոք որևէ արտոնություն տրվե՞լ է նրանց։
 
Գերատեսչությունից պատասխանել են, որ տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը սահմանված են «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով:
 

«Նույն կանոնակարգի ենթակետերից մեկի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին, միջազգային (միջպետական) կազմակերպություններին (որոնք միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին և նորմերին համապատասխան օգտվում են արտոնություններից և անձեռնմխելիությունից), ինչպես նաև այդ ներկայացուցչությունների (կազմակերպությունների) աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների վրա»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ–ում սահմանված չափը գերազանցող մգացված ապակիների համար տուգանելու որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունիսի 1-ից։ Թեև մգացված ապակիներով երթևեկելը շատ ավելի վաղուց էր արգելված ՀՀ օրենսդրությամբ, բայց տուգանքներ չէին կիրառվում, քանի որ ոստիկանությունը մգացվածության աստիճանը չափող սարքերով ապահովված չէր։
 
Ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափի համար հիմք է ընդունվել ԵԱՏՄ գործող ստանդարտը, այն է` տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի կողային ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս:

  • Կիսվել: