կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Ոստիկանները բացեցին Երևան-Աշտարակ ավտոճանապարհը

Ոստիկանները բացեցին Երևան-Աշտարակ ավտոճանապարհը

Քասախ գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, մեքենաներով մոտ մեկ ժամով փակել էին Երևան-Աշտարակ ավտոճանապարհը: Նրանք բողոքում էին, որ Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի:

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցելու էին եկել ոստիկանները և Քասախ գյուղի վարչական ղեկավարը, որը հավաստիացրեց, որ խնդրի շուրջ արդեն քննարկումներ է ունեցել Նաիրի համայնքի վարչական ղեկավարի և Կոտայքի մարզպետի հետ, և որ խնդիրը շուտով կլուծվի:

Ավելի ուշ ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև վիճաբանություն և քաշքշուկ սկսվեց, երկուստեք հայհոյանքներ հնչեցին: Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի բնակչի և բացեցին ճանապարհը: Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են բերման ենթարկում ակցիայի մասնակիցներին, ոստիկանները պատասխանեցին, թե վերջիններս սահմանափակել են այլ քաղաքացիների իրավունքները:

  • Կիսվել: