երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Որևիցե խնդիր չկա. Դավիթ Տոնոյանը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով կանչվելու մասին

Որևիցե խնդիր չկա. Դավիթ Տոնոյանը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով կանչվելու մասին

 «Որևիցե խնդիր չկա, իհարկե պատրաստ եմ», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ է գնալ Ապրիլյան պատերազմի գործողություններն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։

Նախարարը միաժամանակ նշեց, որ դեռ չի կանչվել հանձնաժողով:

Դավիթ Տոնոյանն չցանկացավ հանձնաժողովն անսպասելի բացահայտումներ մասին որևէ գնահատական տալ:

«Պաշտպանության նախարարության համակարգում պարզ է` ինչ է կատարվել, ինչպես է կատարվել, և ես ընդհանրապես ակնկալում եմ, որ նման հանձնաժողով մյուս կողմում՝ Ադրբեջանում լինի, ոչ միայն այստեղ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ հանձնաժողովի գործունեության արդյունքում կփարատվեն բոլոր ասեկոսեներն ու բանսարկությունները, որոնք կան հասարակության մեջ ապրիլյան գործողությունների հետ կապված։

Հարցին, թե նախորդ իշխանության ժամանակ ապրիլյան պատերազմի հետ կապված խնդիրներ եղե՞լ են, որ այս հանձնաժողովը պետք է վեր հանի, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ հանձնաժողովն ինչ կպարզի, ինչ կկատարվի: Արդյունքը ես ակնկալում եմ դրական, որը ավարտ կտա բոլոր այդ խոսակցություններին։ Ինձ համար պարզ է, որ դրանք եղել են դավադիր գործողություններ հակառակորդի կողմից ։ Հայկական կողմից էլ եղել են բազմաթիվ թերացումներ, որոնք վերլուծվել են, և  մենք քաջատեղյակ են դրա մասին»։

Լրագրողները նաև հարցրեցին՝ կարո՞ղ է իրեն պատասխանատվության ենթարկելու հարց առաջանա, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Ես Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն եմ եղել, և եթե իմ գործողությունների մեջ որևէ խնդիր է առաջանալու, որը քննիչ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում պետք է լինի, խնդիր չեմ տեսնում»։

  • Կիսվել: