ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ողբերգական դեպք Վեդիի ծննդատանը. ամուսինների խոսքով՝ բժշկի մեղքով կորցրել են տղա առաջնեկին

Ողբերգական դեպք Վեդիի ծննդատանը. ամուսինների խոսքով՝ բժշկի մեղքով կորցրել են տղա առաջնեկին

Այսօր՝ մայիսի 4-ին, Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչներ, ամուսիններ, 30-ամյա Հովհաննես Մելիքյանն ու 25-ամյա Ռուզաննա Մելոյանը, դիմել են Shamshyan.com կայքին և իրենց զայրույթն ու պահանջը ներկայացրել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Քաղաքացիների խոսքով՝ նախարար Թորոսյանը պետք է հետևողական լինի և Վեդիի ծննդատան բժիշկ–գինեկոլոգ Հարություն Բադալյանին պատասխանատվության ենթարկի:

 

«Կինս 9 ամսվա ընթացքում ոչ մի առողջական խնդիրներ չի ունեցել: Կանոնավոր անցել է կոնսուլտացիան: Բժիշկներն ասում էին, որ առանց խնդրի մենք կունենանք մեր առաջնեկին, բայց ինչ իմանանք, որ բժիշկ-գինեկոլոգ Հ. Բադալյանի անփութության և ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետևանքով մեր առաջնեկին կկորցնենք: Հենց ապրիլի 19-ին կնոջս բերել ենք Վեդիի ծննդատուն, որ պետք է մի քանի օր հետո ծննդատնից մեծ ուրախությամբ գնայինք տուն, սակայն մեզ ոչ միայն արհամարհանքի արժանացրեցին, նույնիսկ հրաժարվեցին պատասխանել հարցերին: Գիշերով արդեն երեխային ծայրահեղ-ծանր վիճակում գաղտագողի տեղափոխում են Մուրացանի ծննդատուն, որտեղի բժիշկներից մենք գոհ ենք, նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի երեխայի կյանքը փրկեին, սակայն անզոր էին: Մեր առաջնեկի մահվան մեջ մենք մեղադրում ենք Վեդիի ծննդատան բժիշկ-գինեկոլոգ Հ. Բադալյանին: Ըստ մեզ հասած տեղեկությունների, այստեղ մի քանի անգամ նույնպես նման իրավիճակներում են հայտնվել, և այս ծննդատան պատճառով բազաթիվ մայրեր են արցունքն աչքերին գնացել տուն: Մենք չենք ասում, թե լավ բժիշկ կամ բժշկություն չկա: Կա, ու հենց դրա համար էլ պահանջում ենք Առողջապահության նախարարից, որպեսզի հետևություններ անի, կամ այս ծննդատունը փակեն, կամ աշխատանքի ընդունեն իրենց գործին գիտակ, սրտացավ բժիշկների»,-ասել է ծննդկանի ամուսինը:

Մայրն էլ իր հերթին ասել է. «Քանի օր է, ուզում եմ իմանամ երեխայիս մահվան պատճառը, ոչ ոք չի պատասխանում իմ հարցերին: Նույնիսկ բժշկին խնդրեցի, որ կեսարյան անեն, քանի որ ցավերին չէի դիմանում, սակայն բժիշկը արհամարհեց իմ այդ խնդրանքը, ինչն էլ պատճառ դարձավ տղա աջառնեկի մահվան: Ուրախացել էի, երբ իմացել էի, որ առաջնեկս տղա է: Հպարտորեն ասում էի՝ հայոց բանակը համալրվելու է նաև իմ տղայով, բայց ինչ իմանայի, որ դա իրականություն չդարձավ բժիշկների մեղքով: Այնքան են լկտիացել, որ քույրն ինձ ասում է՝ ոչինչ, իմ առաջնեկն էլ է մահացել: Մեր ընտանիքով պահանջում ենք, որպեսզի այստեղի բժիշկները պատասխան տան»:

Քաղաքացիները նաև ասել են, որ պատրաստվում են դիմել ոստիկանություն մեղավորներին պատժելու համար. «Մենք գիտենք, մեր երեխային էլ հետ չենք բերի, բայց թող մեղավորները պատժվեն, որ հետագայում ոչ մի ծնող այն ցավն ու վիշտը չապրի, որ հիմա մենք ենք ապրում: Այն աստիճանի են ինքնավստահ, որ մենք, լինելով վշտի մեջ, մեզ ասում էին՝ ոչինչ, 2-րդ անգամ, որ երեխա ծնվի, մոր կողքից տեղ չենք գնա ու ավելի հոգատար կլինենք: Այս խոսքերն ուզում ենք անպայման լսեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: