չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նշավան համայնքում տեղի է ունեցել ԱԱՊԿ վերակառուցված շենքի բացման արարողությունը

Նշավան համայնքում տեղի է ունեցել ԱԱՊԿ վերակառուցված շենքի բացման արարողությունը

Արարատի մարզի Նշավան համայնքում տեղի է ունեցել համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի (ԱԱՊԿ) վերակառուցված շենքի բացման արարողությունը, որին ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, համայնքի ղեկավար Մյասնիկ Հովհաննիսյանը, առողջապահության ոլորտի գործընկերներ, համայնքի բնակիչներ:

Միջոցառման մասնակիցները շրջել են ամբուլատորիայում՝ ծանոթանալու շենքային նոր պայմաններին և հնարավորություններին: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը շնորհավորել է բուժանձնակազմին և համայնքի բնակիչներին այս իրադարձության կապակցությամբ և հույս հայտնել, որ այս փոփոխությամբ չեն սահմանափակվի, այլ հետագայում սույն կենտրոնը կհագեցվի նոր գույքով և ժամանակակից բժշկական սարքավորումներով ու պարագաներով:

«Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս և, հատկապես, նշավանցիներին, քանի որ սա կարևոր իրադարձություն է նրանց համար: Մաղթում եմ, որպեսզի առաջիկայում այս կենտրոնում առավելապես լինեն կանխարգելիչ այցեր: Շատ ուրախալի է, որ այսուհետ բնակիչները կկարողանան արժանավայել պայմաններում օգտվել կենտրոնի կողմից մատուցվող բուժծառայություններից, իսկ բուժանձնակազմը կաշխատի արժանապատիվ պայմաններում»,- ընդգծել է Սուսաննա Կտրակյանը:

Ամբուլատորիայի նախկին շենքը շուրջ 30 տարի գտնվում էր խիստ անմխիթար վիճակում: Համայնքապետարանի hաշվեկշռում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկում տեղակայված ամբուլատորիա հենաշարժողական խնդիրներ ունեցող բնակիչները հասնում էին շատ մեծ դժվարությամբ: Վերակառուցելով և կապիտալ վերանորոգելով վարչական շենքի առաջին հարկը՝ կենտրոնն այժմ իր այցելուներին կներկայանա միանգամայն նոր և բարեկարգ վիճակով և նրանց կսպասարկի առավել հարմարավետ պայմաններում:

Շենքի վերակառուցումն սկսվել էր երեք տարի առաջ՝ համայնքապետարանի նախաձեռնությամբ, համայնքում և այժմ համայնքից դուրս բնակվող նշավանցիների համաֆինանսավորմամբ: Շենքի վերակառուցման և նորոգման ընդհանուր գումարը կազմել է 9 միլիոն 300 հազար դրամ, որից 4 միլիոն դրամը հատկացվել է համայնքային բյուջեից:

 

  • Կիսվել: