ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
ՀՀ նախագահն ու Վանգ Կունը քննարկվել են սեյսմիկ անվտանգության ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման հարցեր

ՀՀ նախագահն ու Վանգ Կունը քննարկվել են սեյսմիկ անվտանգության ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը:
 
Ողջունելով հյուրերին նախագահը շնորհակալություն է հայտնել վերջին հինգ տարիների ընթացքում սեյսմիկ հետազոտությունների ոլորտում հայ-չինական արդյունավետ համագործակցության և ներդրումների համար:
 
Դոկտոր Կունը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար և նշել, որ առաջին անգամ լինելով Հայաստանում շատ տպավորված է մեր երկրից, ինչպես նաև հայ գործընկերների և Գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունից:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են սեյսմիկ անվտանգության և հարակից ոլորտներում հայ-չինական համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր:
 
Կարևորվել են երկրաշարժերի կանխատեսելիության ուղղությամբ գիտատեխնոլոգիական զարգացումները և, ընդհանրապես, Երկրի ընդերքի հետազոտությունները՝ ոչ միայն սեյսմոլոգիայի, այլև տնտեսության, հանքարդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից դրանց կիրառական նշանակությամբ:
 
Զրույցի ընթացքում շեշտվել է տվյալների փոխանակման, համատեղ գիտական ծրագրերի իրականացման և մասնագետների վերապատրաստման ուղղությամբ գործակցության կարևորությունը, ինչը կնպաստի երկրաշարժերի մարտահրավերներին առավել արդյունավետ դիմակայունությանը:

  • Կիսվել: