Մեկնարկում է «Խաչմերուկներ» փառատոնը. այն արժանացել է հեղինակավոր «Էռնստ ֆոն Սիմենս» հիմնադրամի մրցանակին
«Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» յոթերորդ փառատոնը կանցկացվի մայիսի 27-ից հունիսի 9-ը։ Փառատոնի շրջանակում կանցկացվեն հանրային քննարկումներ, վարպետության դասեր, ինչպես նաև երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ համերգային երեկոներ։
2025 թվականին «Խաչմերուկներ»-ը դարձել է առաջին հայկական փառատոնը, որն արժանացել է հեղինակավոր Ernst von Siemens երաժշտական հիմնադրամի աջակցությանը։ Այս փաստը ոչ միայն նշանավորում է փառատոնի բարձր պրոֆեսիոնալ մակարդակը, այլև կարևոր ներդրում է հայկական ժամանակակից երաժշտության միջազգային ներկայացման գործում։
Փառատոնի ծրագիրը մեկնարկում է մայիսի 26-ին ժամը 16:00-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ «Կոմպոզիտորի դիմանկար» շարքի շրջանակում ներկայացնելով ուկրաինացի կոմպոզիտոր Կարմելլա Ցեպկոլենկոյին։
Մայիսի 27-ին ժամը 18:30-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կանցկացվի հանրային զրույց՝ ժամանակակից կոմպոզիտորների մասնակցությամբ։ Զրույցին կմասնակցեն Կարմելլա Ցեպկոլենկոն, Տիգրան Մանսուրյանը, Արամ Հովհաննիսյանը և Ռուբեն Անտոնյանը։ Նույն օրը ժամը 19:30-ին կկայանա փառատոնի բացման հանդիսավոր համերգը՝ «Ասոնանս» անսամբլի կատարմամբ։ Ծրագրում ընդգրկված են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի հեղինակներ՝ Տիգրան Մանսուրյան, Կարմելլա Ցեպկոլենկո (փառատոնի պատվերով գրված ստեղծագործության համաշխարհային պրեմիերա), Ջուլիանո Բրակկի, Արամ Հովհաննիսյան, Ռուբեն Անտոնյան և Դյորդ Կուրտագ։
Մայիսի 28-ին ժամը 11:00-ին Կոմիտասի անվան կոնսերվատորիայում կանցկացվի վարպետության դաս Կարմելլա Ցեպկոլենկոյի հետ, որի ընթացքում հանդես կգան ուսանող-կոմպոզիտորներ Նապոլեոն Պողոսյանը, Շուշան Արևշատյանը, Հուսեյն Սադեղը, Էրիկա Մարկոսյանը և Միլետա Ղազանչյանը։
Հունիսի 6-ին ժամը 16:00-ին կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում կանցկացվի «Նախագծային մտածողությունը կոմպոզիցիայում» խորագրով սեմինար, որը կվարի Արամ Հովհաննիսյանը։
Փառատոնի փակման համերգը տեղի կունենա հունիսի 9-ին ժամը 19:30-ին ՀԲԸՄ դահլիճում՝ «Բումերանգ» անսամբլի (Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողներ) կատարմամբ։ Հնչելու են Ալբան Բերգի, Ջորջ Քրամբի, Տիբոր Շիրովիչայի, Օլիվիե Մեսսիանի և Սիրիլ Սքոթի ստեղծագործությունները։
«Խաչմերուկներ» փառատոնն այս տարի դառնում է ոչ միայն երաժշտական իրադարձություն, այլև մշակութային հարթակ, որտեղ միմյանց են հանդիպում փորձը, նորարարությունը և երաժշտական երկխոսությունը՝ հանուն ժամանակակից ստեղծագործական մտքի զարգացման։
Այն միակն է Հայաստանում, որ ընդգրկում է համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր և նշանակալից գործեր։ Դրանց զգալի մասն առաջին անգամ է կատարվում, այսինքն՝ փառատոնը բեմ է հանդիսանում դրանց հայաստանյան և համաշխարհային պրեմիերաների համար։ Փառատոնը նպատակ ունի ապահովելու համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում, ուստի տարբեր տարիներին այն իր ծրագրում ներառում է մի շարք նոր ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ։
Փառատոնն իրականացնում է «Քառորդ տոն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։