երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նոր որոշում. Հայաստանը կմասնակցի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին

Նոր որոշում. Հայաստանը կմասնակցի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 7-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև մշակութային և ստեղծագործ ոլորտներում ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի մասնակցության մասին համաձայնագրի ստորագրմանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը Եվրոպական Միության մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է, որը հասանելի է ԵՄ Հարևանության երկրների համար և բաղկացած է «Մեդիա» և «Մշակույթ» ենթածրագրերից:

Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ մասնակցել է նախորդ «Ստեղծագործ Եվրոպա» (2014-2020թթ.) ծրագրին, որը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի մշակույթի զարգացման մեջ և տրամադրել է բազում հնարավորություններ նշյալ ոլորտի ներկայացուցիչներին մասնակցել տարբեր դրամաշնորհային նախաձեռություններին՝ նպաստելով ճարտարապետության, երաժշտության, գրականության, կատարողական արվեստի, հրատարակչության, ռադիոյի, տեսողական արվեստի և այլ ոլորտների ամրապնդմանը և զարգացմանը:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը հնարավորություն է ընձեռում հայաստանյան մշակութային և ստեղծարար ոլորտի կազմակերպություններին ծավալելու միջսահմանային համագործակցություն նույն ոլորտի մի շարք այլ կազմակերպությունների հետ, խթանում է շփումները մշակույթի գործիչների միջև և տրամադրում է դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտարվեստի, դիզայնի և մի շարք այլ ոլորտներում:

  • Կիսվել: