ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նոր միջադեպ Տեղ գյուղի մոտակայքում. ադրբեջանցիները սպառնացել են հայ հովիվներին

Նոր միջադեպ Տեղ գյուղի մոտակայքում. ադրբեջանցիները սպառնացել են հայ հովիվներին

Մայիսի 30-ի առավոտյան թշնամու զինծառայողները Տեղ համայնքի հայ հովիվներից պահանջել են, որ անասուններին չարածացնեն Հայաստանի պետական տարածքում և սպառնացել են նրանց: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, գրում է armeniasputnik.am-ը:

Նրա խոսքով` հովիվների դիմադրության արդյունքում միջադեպը հարթվել է, բայց ոչ մի երաշխիք չկա, որ նման դեպքերը չեն կկրկնվի։

«Այդպիսի դեպքեր լինելու են, եղել են ու կլինեն։ Պետք է խելքներս գլուխներս հավաքենք, մեր բանակը զինենք»,-ասաց նա։

Շադունցն ասում է` փոքր միջադեպերը չհաշված` այս պահի դրությամբ համայնքում ընդհանուր առմամբ հանգիստ է, բայց ամեն պահի իրավիճակը կարող է կտրուկ փոխվել։ Պետք է շատ աշխատել, զգոնությունը բարձր պահել։

«Գիշերը գյուղի տղաները գնում են հերթապահության։ Փորձում ենք օգտակար լինել։ Ուզում ենք այնպես անել, որ ժողովուրդը գիշերները հանգիստ քնի։ էն, որ ասում էին` զենք չունենք, զինեք մեզ, զինել ենք»,- նշեց Շադունցը։

Նշենք, որ վերջին շրջանում Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ միջադեպերը բավականին հաճախակի բնույթ են կրում։ Խնդրին անդրադարձել է նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անվտանգային գոտի ստեղծելու անհրաժեշտությունը։

  • Կիսվել: