կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալն այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց

ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալն այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց

Հուլիսի 7-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը, Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Ա․ Ղուկասյանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ․Օղիկյանի ուղեկցությամբ, աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում էր։

ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ այցի նպատակն էր տեղում ծանոթանալ արգելոցի տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման միջոցառումներին, նախանշել անելիքները և ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, քանի որ, սեզոնային առանձնահատկություններից ելնելով, բարձր ջերմային ֆոնով պայմանավորված, արգելոցի տարածքը խոցելի է մեծածավալ հրդեհների բռնկման առումով։

ՓԾ տնօրենի տեղակալը եղավ արգելոցի Խաչաձոր և Խոսրով տեղամասերում, ծանոթացավ առկա հրդեհաշիջման միջոցներին՝ մասնավորապես անտառածածկ տարածքների դժվարամատչելի տեղանքներում տեղադրված ջրի տարաներին, որոնք հնարավորություն են տալիս արագ արձագանքել և կանխել բռնկված հրդեհի տարածումը։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենը Ե․ Կարապետյանին ներկայացրեց անտառտնտեսության հնարավորությունները՝ առաջնային հրդեհաշիջում իրականացնելու միջոցները, տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև ներկայացրեց տարածքում իրականացվող ընթացիկ աշխատանքները՝ կապված ճանապարհների մաքրման և անցանելիության ապահովման, խոտհունձի, նոր ջրի տարաների տեղադրման և այլ աշխատանքներին։

Տեղազննման արդյունքում նախանշվեցին առաջիկա անելիքները, որոշում կայացվեց առաջիկայում ավելացնել ջրամատակարարման աղբյուրները և ջրի կուտակման տարաները, որոնք խոշոր հրդեհների ժամանակ հնարավորություն կտան արձագանքողներին արագ լիցքավորվելու և անհասանելի տեղանքներում օպերատիվորեն հրդեհաշիջում իրականացնելու։

Տնօրենի տեղակալը եղավ նաև Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատում, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին, ծառայության կրման պայմաններին, տվեց մի շարք հանձնարարականներ և ցուցումներ։

 

  • Կիսվել: