հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Նազելի Բաղդասարյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

Նազելի Բաղդասարյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Կարևորելով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունն ինչպես հանրապետությունում, այնպես էլ մարզում` Նազելի Բաղդասարյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումների արդյունքում ձեռք կբերվեն պայմանավորվածություններ, որոնք արդյունավետ կլինեն:

«Ուրախ եմ ձեզ հանդիպելու։ Երկաթուղու գործունեությունը, իհարկե, շատ կարևոր է` հաշվի առնելով հատկապես այն որ, որ Շիրակի մարզը տրանսպորտային կապերի առանցքում է։ Ես տեղյակ եմ, որ դուք բոլորովին վերջերս հանդիպել եք ձեր Վրաստանի գործընկերոջը, և ուրախ կլինենք, որ մեր մարզի համար էլ արդյունավետ առաջարկներ լինեն։ Հաշվի առնելով այն, որ ՀՀ Կառավարությունը մեծ նշանակություն է տալիս տրանսպորտային ուղիների զարգացմանը և ընդլայնմանը, որը ներառված է նաև Կառավարության հնգամյա զարգացման պլանում, կարևոր է երկաթուղու հարմարավետ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուղևորատար և բեռնատար կազմով համալրումը»,- նշել է Շիրակի մարզպետը։

Ալեքսեյ Մելնիկովը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և ներկայացնելով ընկերության գործունեությունը՝ նշել է, որ նախորդ տարվա համեմատ ուղևորափոխադրումների առումով աճ ունեն, 2021-ին 59 հազար ուղևոր է փոխադրվել, այս տարի՝ 63 հազար։ Ըստ Մելնիկովի,Գյումրիում նոր գնացքներ են աշխատում, նախորդ տարի վերանորոգել Է հյուրանոցը։

Նազելի Բաղդասարյանը կարևորել է գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը, ինչպես նաև ենթակառուցվածքների արդիականացումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը՝ հատկապես տուրիստական նոր սեզոնին ընդառաջ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է միջհամայնքային ու միջմարզային երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղին Գյումրու երկաթուղային կայարան տեղափոխելու հարցը:

Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Կառավարությունը այս տարվա հուլիսի 1-ից ավելացնելու է անկանխիկ եղանակով գործարքների թիվը` Նազելի Բաղդասարյանը խոսել է էլեկտրոնային եղանակով տոմսեր ձեռք բերելու մասին, որը մինչ օրս չի կիրառվում «Հարավկովկասյան երկաթուղում»։ Ալեքսեյ Մելնիկովը վստահեցրել է, որ նման ծրագիր ունեն։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուղևորափոխադրումների ժամերը քննարկել՝ նպատակ ունենալով նպաստել տուրիստական հոսքերի ավելացմանը։

Քննարկվել են նաև հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր։

 

  • Կիսվել: