ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նախատեսվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում

Նախատեսվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 313,995.0 հազար դրամ գումարի չափով՝ գումարն ուղղելով ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում կրթահամալիրների ստեղծման և դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը:

Կառավարության ղեկավարը թվարկել է բոլոր այն բնակավայրերի դպրոցները, որոնք ներառված են նախագծում, ըստ այդմ. «Մասնավորապես՝ Լոռու մարզում մենք կկառուցենք հետևյալ կրթահամալիրները՝ Հարթագյուղի, Լորուտի, Ալավերդիի Ալավերդու թիվ 4 հիմնական դպրոցի տեղակայման վայրում, Թումանյանի կրթահամալիր Թումանյանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի տեղակայման վայրում, Քարինջի, Բազումի, Միխայիլովկայի, Լեջանի, Կաթնառատի, Գարգառի կրթահամալիր, Նորաշենի կրթահամալիրներ: Շիրակի մարզում Քեթիի, Հայրենյացի, Բյուրակնի, Բավրայի կրթահամալիրներ:

Դպրոցներ, որոնք կամ հիմնանորոգվում են կամ կառուցվում են կամ վերակառուցվում. Ճոճկանի միջնակարգ դպրոց, Արևածագի Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոց, Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոց, Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոց, որը դառնալու է միջնակարգ, Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոց, Աքորու միջնակարգ դպրոց, Ալավերդու Մյասնիկյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոց, Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց, Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոց, Դսեղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց, Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոց:

Շիրակի մարզում՝ Սարատակի, Ամասիայի, Ջրափի, Շիրակավանի, Երազգաորսի միջնակարգ դպրոցներ, Գյումրու Սարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոց, Մայիսյանի, Փոքր Մանթաշի, Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցներ:

Դպրոցների, մարզադահլիճների և հանդիսությունների դահլիճների մասնաշենքեր կկառուցվեն Լոռու մարզում Ախթալայի թիվ 2 միջնակարգ դպրոցի համար, Օրսալույի միջնակարգ դպրոցի համար, Շիրակի մարզում՝ Ջաջուռի, Մուսայելյանի, Կառնուտի, Սարալանջի, Ցողամարգի միջնակարգ դպրոցների համար»:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է. «Անցյալ տարվա վերջին արդեն 24 դպրոցներում ավարտվել էին աշխատանքները, և այս պահին 100-ից ավելի օբյեկտներում աշխատանքներն ընթացքում են: Առաջիկայում կլինի նաև Երևանի դպրոցների ցանկը, որը կգումարվի դրան, և մենք պարբերաբար, փոխվարչապետ Խաչատրյանի համակարգմամբ քննարկում ենք ցանկերը: Կարծում եմ, որ 300-ը ոչ միայն ապահովելու, այլ նաև ավելին ունենալու ճանապարհին ենք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կապակցությամբ նշել է, որ 300 թիվը ինքնանպատակ չէ, և եթե պարզվի, որ Հանրապետությունում պետք են 300-ից ավելի կամ պակաս դպրոցներ, ապա այն կիրականացվի, որպեսզի բոլոր բնակավայրերի բոլոր երեխաներին հասանելի լինի որակյալ կրթությունը:

  • Կիսվել: