Նախարար Մեսրոպ Առաքելյանն ու առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այցելել են «Մանկան տուն»
Նախարար Մեսրոպ Առաքելյանն ու առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նախատոնական օրն անցկացրել են երեխաների ընկերակցությամբ՝ դեկտեմբերի 30-ին այցելելով «Մանկան տուն»։ Տնօրենի ուղեկցությամբ նրանք շրջել են հաստատության տարածքում, ծանոթացել պայմաններին ու երեխաների ճաշացանկին, տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջից:
՛՛1։1 հաշվով ավարտելով նախարարի հետ սեղանի ֆուտբոլի ընկերային հանդիպումը՝ փոքրիկներն անցել են տոնական նվերները բացելուն, հետո պատմել իրենց երազանքների մասին։
Պարզվում է՝ «Մանկան տան» սաներից մեկն ապագա նախարար-ֆուտբոլիստ է, ում Մեսրոպ Առաքելյանը խոստացել է Հայաստանի ազգային հավաքականի համազգեստ նվիրել, մինչ մյուսները ևս կկողմնորոշվեն ապագա մասնագիտության ընտրության հարցում։
Թեպետ երեխաներն այստեղ շրջապատված են լիարժեք խնամքով և հոգատարությամբ, այնուամենայնիվ, հաստատության տնօրենի հետ զրույցում նախարարը կարևորել է յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը՝ որպես պետության սոցիալական պատասխանատվության գերակայություն։
Իսկ մինչ այդ նախարարությունն ամեն օր անելու է առավելագույնը՝ կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաների համար սիրով և ուշադրությամբ լցված միջավայր ապահովելու համար՛՛,-նշված է հաղորդագրության մեջ։