Մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին, նշել է, որ Հայաստանն այսօր միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ է վարում․
«Եվ մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում»,- ասել է նա և հավելել, որ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում։
«Իմ կարծիքով՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների զարգացումն իրականում առիթ է տվել դրան և դրա խորքային պատճառը չէ։ Իսկ ՌԴ-ում մտահոգությունների հիմնարար պատճառն այն տրանսֆորմացիան է, որն սկսվել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում»,- ասել է նա և հավելել, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատմական հանգամանքների բերումով՝ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների ընկալումը հիմնականում եղել է ռազմական և անվտանգային։
Նրա խոսքով՝ 2023 թվականի իրադարձությունները ցույց տվեցին, որ անվտանգային սեփական խնդիրներ ունենալու բերումով ՌԴ-ն կարող է էական սահմանափակումներ ունենալ այդ դերը կատարելու համար։



