Մինչ այս պահը 800-ից ավելի լիբանանահայեր ժամանել են ՀՀ. Սինանյան
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սփյուռքի հարցերի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանն ասաց, որ մինչ այս պահը 800-ից ավելի լիբանանահայեր ժամանել են Հայաստան:
Նրա խոսքով՝ նրանց մի մասը ժամանել էր հայտնի պայթյունից առաջ, երբ առաջին ինքնաթիռը ժամանեց Երեւան: ՛՛Այս հոսքը շրունակական է, այժմ շաբաթը 2 անգամ թռիչք ունենք Բեյրութից Հայաստան: Բոլոր թռիչքները համարյա լիքն են գալիս՛՛,-ասաց Սինանյանը:
Նա նշեց նաև, որ եկողներն ունեն տարբեր բնույթի խնդիրներ, եւ իրենք անընդհատ նրանց հետ կապի մեջ են, ընառաջում են: ՛՛Այն փաթեթը, որի վրա աշխատում ենք, դեռ ուժի մեջ չի, հետեւաբար դրանից դեռ չեն կարող օգտվել, սակայն եկողների մի մասը իրականում պետական ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն չունի: Իսկ որ մասն ունի, մենք գտնում ենք իրենց համար լուծումներ՛՛,-ասաց Սինանյանը:
Սփյուռքի հարցերի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ այս պահին մեր հասարակությունում շատ մեծ բարի կամք կա Լիբանանում տնտեսական ճգնաժամից ու պայթյունից տուժած մեր հայրենակիցների նկատմամբ: ՛՛Հետեւաբար, կզարմանաք, թե քանի մարդիկ են առաջարկում իրենց տները: Մարդիկ կան, որ իրենց հանգստյան տներն են առաջարկում: Այսինքն փոքր ծավալներով կարողանում ենք հոգալ բոլորի կարիքները՛՛,-հավելեց նա:
Սինանյանը տեղեկացրեց նաև, որ երբ փաթեթն ուժի մեջ մտնի, կունենանք այլ լուծումներ:
Նշենք, որ փաթեթը շրջանառության մեջ կդրվի սեպտեմբերի 1-ին:



