ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեզնից ոչ մեկը չի վճարվել. ֆրանսիացի բժիշկների խմբի ղեկավարը

Մեզնից ոչ մեկը չի վճարվել. ֆրանսիացի բժիշկների խմբի ղեկավարը

«Ես չեմ հավատում դրան, սրտխառնոց առաջացնող լուր է, մեզնից ոչ մեկը չի վճարվել»,- այսպես արձագանքեց Փարիզի Կոշեն հանրային հիվանդանոցի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ալեքսանդր Մինյոնը, երբ հարցրինք՝ ճի՞շտ են տեղեկությունները, թե կորոնավիրուսի դեմ պայքարում հայ բժիշկներին օժանդակելու նպատակով Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկները 1800-ական եվրո են ստացել իբրեւ աշխատավարձ, գրում է hetq.am-ը:

Ֆրանսիայում հրատարակվող «Ֆրանսիա-Հայաստան» (France-Armenie) ամսագրի հուլիսյան համարում լույս է տեսել «Մազ՝ ճաշի մեջ» վերնագրով հոդված, որը, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օժանդակելու նպատակով ֆրանսիացի բժիշկների այցին Երեւան, կասկածի տակ է դրել այդ առաքելության մարդասիրական բնույթը՝ նշելով, թե բժիշկները վճարվել են 1800-ական եվրո, իսկ Ֆրանսիայի կառավարության հետ այդ այցը համաձայնեցված չի եղել։

Հոդվածի մասին հայ հանրությունը տեղեկացավ hraparak.am-ից, որը ֆրանսերենից թարգմանաբար վերապատմել էր հոդվածը, սակայն ամսագրի ինտերնետային կայքում այն հասանելի չէ ընթերցողին, թերեւս՝ միայն բաժանորդներին։ Եվ քանի որ հոդվածի բնօրինակը չունենք, հիմք ենք ընդունել «Հրապարակի» վերաշարադրանքը եւ փորձել ճշտել իսկությունը։

«Ֆրանսիա-Հայաստան»-ին հղում անելով՝ «Հրապարակը» գրել էր, թե ժամանած 7 բժիշկներից 5-ը քովիդ երբեւէ չի բուժել, եւ որեւէ կերպ չեն կարող նպաստել կորոնավիրուսի բուժմանը։

«Հետքը» դեռեւս հունիսի 23- ին հարցազրույց էր արել ֆրանսիացի բժիշկների խմբի ղեկավար Ալեքսանդր Մինյոնի հետ, որը հայտնել էր, որ բժիշկների 10- հոգանոց խումբը բաղկացած է անեսթեզիոլոգներից եւ ռեանիմատոլոգներից։

Այսօր էլ նա պնդեց, որ խմբի բոլոր անդամները վերակենդանացման մասնագետներ են եւ Ֆրանսիայում ներգրավված են եղել կորոնավիրուսի բուժման գործընթացում։ Ինքը՝ Ալեքսանդր Մինյոնը, Փարիզի Ռենե Դեկարտի անվան համալսարանի բժշկական դեպարտամենտի պրոֆեսոր է, Հարվարդի բժշկական դպրոցի ասոցացված անդամ, ֆրանսիական հեղինակավոր պարբերականներում կարելի է գտնել նրա բազմաթիվ հարցազրույցներն ու հեղինակային հոդվածները Covid-19-ի մասին։

«Զարմանալի է այն աշխարհը, որում մենք ապրում ենք»,- ասաց պրն Մինյոնը՝ չցանկանալով այլեւս վերադառնալ իրենց մարդասիրական առաքելությունը կասկածի տակ դնող այդ հոդվածում տրված գնահատականներին։

Հիշատակված հոդվածում կասկած էր հայտնվում նաեւ առ այն, թե ֆրանսիացի բժիշկների այցը համաձայնեցված չի եղել ֆրանսիական կառավարության հետ։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն արդեն հերքել է այս տեղեկությունը «Արմենպրեսին» տված մեկնաբանության մեջ։ «Հետքը» եւս գրավոր հարցում է ուղղել նրան եւ պատասխանը ստանալուն պես կհրապարակի։ Այս թեմայի առնչությամբ պարզաբանման ենք սպասում նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտից, իսկ բժիշկ Ալեքսանդր Մինյոնն ասաց, որ ինչպես կարող էր նման բան լինել, երբ այդ այցի մասին անգամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն են խոսել։

  • Կիսվել: