ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Ի՞նչ ունեցվածք ունի Արտաշատի վերընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի Արտաշատի վերընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայացած համայնքային ընտրությունների արդյունքներով՝ Արտաշատ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ, ստացել էր 23 729 ձայն։ Ընտրությանը մասնակցած 27 731 քաղաքացիներից ՔՊ-ի օգտին քվեարկել էր 85.6 տոկոսը։

Հենց այս ֆոնին ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե ինչ ունեցվածք ունի Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, պաշտոնապես հայտարարագրված ինչ եկամուտներ է ստացել 2025 թվականին և ինչ վարկային պարտավորություններ ունի։ Նրա հայտարարագրի համաձայն՝ Մկրտչյանն Արտաշատում ունի երկու հողամաս, իսկ 2025 թվականին համայնքապետարանի աշխատակազմից ստացել է 7 միլիոն 805 հազար 782 դրամ եկամուտ։

Կառլեն Մկրտչյանը հայտարարագրել է Արտաշատում գտնվող երկու հողամաս։ Դրանցից մեկը ձեռք է բերել 2005 թվականի ապրիլի 7-ին՝ ժառանգությամբ, իսկ մյուսը՝ 2024 թվականի հունվարի 31-ին՝ այլ եղանակով։ Ինչպես՝ չի մանրամասնում։ Երկու հողամասերն էլ հայտարարագրում նշված են որպես համատեղ սեփականություն։ Հողամասերի մակերեսների և սեփականության բաժնեմասերի վերաբերյալ տվյալները պաշտպանված են։

ArmLur.am-ը արձանագրեց, որ 2025 թվականի ընթացքում նա անշարժ գույք ձեռք չի բերել կամ օտարել։

Տրանսպորտային միջոցներ և այլ գույք․

Հայտարարագրի համաձայն՝ Մկրտչյանը 2025 թվականի սկզբին և վերջում տրանսպորտային միջոց չի ունեցել։ Նա չի հայտարարագրել նաև 4 միլիոն դրամը գերազանցող արժեք ունեցող թանկարժեք գույք, արժեթղթեր կամ այլ ներդրումներ։

Դրամական միջոցներ․

2025 թվականի սկզբին Մկրտչյանի բանկային հաշիվներից մեկում եղել է 1,004.8 դրամ, իսկ մյուսում՝ 49,755.19 դրամ։ Տարեվերջին առաջին հաշվի մնացորդը մնացել է նույնը՝ 1,004.8 դրամ, իսկ երկրորդ հաշվինը հասել է 454,186.35 դրամի։

Կանխիկ դրամը տարվա սկզբին կազմել է 4 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 3 միլիոն դրամ։

Եկամուտ և վարկային պարտավորություններ․

ArmLur.am-ը արձանագրեց, որ 2025 թվականին Կառլեն Մկրտչյանը Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմից որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 7 միլիոն 805 հազար 782 դրամ եկամուտ։

Նրա հայտարարագրում առկա է նաև վարկի մայր գումարի՝ 22 միլիոն 409 հազար 342.8 դրամի մնացորդ։ Հիպոթեքի առարկան Արտաշատում գտնվող բնակելի կառուցապատման հողամասերն են։ Տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 4 միլիոն դրամ։

ArmLur.am-ը պարզեց, որ Կառլեն Մկրտչյանի կինը՝ Սերինե Գալուբյանը, հայտարարագրում նշված է որպես անհատ ձեռնարկատեր։ Հիշեցնենք, որ Կառլեն Մկրտչյանը Արտաշատի համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի դեկտեմբերի 20-ին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: