կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեր նպատակը առողջ սերունդ ունենալն է` առողջ կենսակերպի խթանմամբ. Ավանեսյան

Մեր նպատակը առողջ սերունդ ունենալն է` առողջ կենսակերպի խթանմամբ. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դեռահասների և երիտասարդների շրջանում վնասակար սովորություններին։

«Դեռահասների և երիտասարդների շրջանում վնասակար սովորությունների և դրանց վտանգների վերաբերյալ բաց զրույցները կարևոր են:

Մեր նպատակը առողջ սերունդ ունենալն է` առողջ կենսակերպի խթանմամբ»,- գրել է Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով մարիխուանայի վնասակար ազդեցության մասին Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հրապարակումը։

Ըստ այդ հրապարակման. «Հետազոտությունները վկայում են, որ մարիխուանայի մշտական գործածումն իր բացասական ազդեցությունն է թողնում հոգեկան գրեթե բոլոր գործընթացների վրա․

Հուզական ոլորտի մակարդակով այն պատճառ է հանդիսանում հույզերի կառավարման դժվարացման, տրամադրության անկման, հետաքրքրությունների շրջանակի նեղացման և ի վերջո՝ դեպրեսիայի,

Նոր Զելանդիայի Դյուկի համալսարանի մի խումբ հետազոտողներ պարզել են, որ այն մարդիկ, ովքեր սկսել են մարիխուանա գործածել դեռ պատանի տարիքից, ինտելեկտի գործակցի (IQ) նվազում են ունեցել նվազագույնը 8 միավորով, և դրա արդյունքում կորցրած մտավոր ունակություններն ամբողջությամբ չեն վերականգնվել անգամ մարիխուանայի գործածումը դադարեցնելուց հետո,

Մարիխուանայի մշտական գործածման հետևանքով տուժում է նաև ուշադրությունը և կոնցենտրացիան․ դրսևորվում է ցրվածությամբ, ուշադրության շեղմամբ մի օբյեկտից անմիջապես մյուսը,

Հիշողության ոլորտում այն դժվարեցնում է ինֆորմացիայի ընկալման և վերարտադրման պրոցեսները.

Մտածողության ոլորտում այն իր բացասական ազդեցությունն է թողնում՝ դանդաղեցնելով մտածողության տեմպը, որի արդյունքում դժվարըմբռնելի է դառնում ցանկացած միտք, դժվարությամբ է կատարվում մտավոր աշխատանքը.

Եվ ի վերջո, կամային ոլորտում այն ոչ միայն պատճառ է դառնում որոշումներ կայացնելու կարողության նվազման, այլ նաև հենց մարիխուանայի նկատմամբ ախտաբանական հակման առաջացման։

Սիրելի հայրենակիցներ, զերծ մնացեք թմրամիջոցներից. դրանք վտանգավոր են ձեր առողջության և կյանքի համար»:

  • Կիսվել: