ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեր գործողությունները միտված են նրան, որպեսզի ծառայությունների որակի բարձրացման և սպեկտրի լայնացման հաշվին նվազեցնենք պացիենտների դիմելիությունը այլ բկ-եր. Ստեփանավանի ԲԿ-ի տնօրեն

Մեր գործողությունները միտված են նրան, որպեսզի ծառայությունների որակի բարձրացման և սպեկտրի լայնացման հաշվին նվազեցնենք պացիենտների դիմելիությունը այլ բկ-եր. Ստեփանավանի ԲԿ-ի տնօրեն

Ստեփանավանի բժշկական կենտրոնը սպասարկում է տարածաշրջանի շուրջ 27.630 բնակչության: Տնօրեն ԱՆՈՒՇ ԻՍՊՐԻՅԱՆԸ InfoPort.am-ի հետ զրույցում պատմում է, որ թեև պաշտոնը ստանձնելուց ի վեր մեկ տարվա ընթացքում շատ բան է արվել ԲԿ-ի ծառայությունների որակի բարձրացման, սպեկտրի զարգացման ուղղությամբ, ապագայի հետ կապված դեռ մեծ անելիքներ կան. «Պետք է բացենք հեմոդիալիզի բաժանմունք, ժամանակակից վիրահատարան, ձեռք բերենք համակարգչային տոմոգրաֆ, թվային ռենտգեն սարքավորում, թարմացնենք «Շտապ բուժօգնության» ծառայության ավտոպարկը...»  

-Տիկին Իսպիրյան, Դուք մեկ տարուց մի քիչ ավել է ինչ ստանձնել եք Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնը, կասեք ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել Բկ-ում Ձեր պաշտոնամուտից ի վեր:  

-Ստեփանավանի բժշկական կենտրոնը ղեկավարում եմ 2021 թվականից: Իմ պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերվել ժամանակակից, վերջին սերնդի լաբորատոր սարքավորումներ, ռենտգեն ապարատ, պոլիկլինիկական ծառայությունների համար նախատեսված ՈՒՁՀ սարք: Կատարվել է կադրային նոր համալրում, ինչի շնորհիվ բարձրացել է բուժսպասարկման որակը և բնակչության վստահությունը մեր ԲԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ:

-Ի՞նչ խնդիրների դեպքում եք հիվանդներին ուղղորդում մարզկենտրոն, կամ մայրաքաղաք:

-Երևան տեղափոխվում են ծայրահեղ ծանր ռեանիմացիոն հիվանդներ, որոնք կարիք ունեն այնպիսի հետազոտությունների, որոնք չենք կարող ապահովել մեր կենտրոնում: Սակայն իմ տնօրինության առաջին իսկ օրվանից մեր բոլոր գործողությունները միտված են եղել նրան, որպեսզի մեր կենտրոնի բուժծառայությունները հասցնենք այնպիսի մակարդակի, որ պացիենտներին այլ բկ-եր ուղղորդելու դեպքերը խիստ հազվադեպ դառնան: Այդ նպատակով մենք կենտրոն ենք հրավիրում այլ բկ-երի առաջատար մասնագետների, անընդհատ զարգացնում և կատարելագործում ենք մեր ծառայությունները:

-Տիկին Իսպիրյան, Դուք ձեր փորձից ելնելով, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մարզային բկ-ները մրցունակ են խոշոր համայնքային կամ մայրաքաղաքային կլինիկաների հետ:

-Գիտեք, կարծում եմ, որ այո, որովհետեւ մենք ամեն օր զարգանալուն միտված քայլեր ենք իրականացնում: Ստեփանավանի բժշկական կենտրոնի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է ի դեմս Լոռու մարզպետարանի: Ստեղծման օրվանից Ստեփանավանի բժշկական կենտրոնը մշտապես զգացել է մարզպային իշխանությունների աջակցությունը ցանկացած հարցում: Մարզպետարանի իրավասության ոլորտում գտնվող բոլոր հարցերը արագ լուծում են ստանում, իսկ մնացած խնդիրները բարձրաձայնվում են տարբեր ատյաններում:

-Կպատմեք ԲԿ-ի առաջիկա պլանների մասին:

-Նախ մեր առջեւ նպատակ ենք դրել  հնարավորինս բարելավել և նորացնել նյութատեխնիկական բազան, այդ թվում բացել հեմոդիալիզի բաժանմունք, ժամանակակից վիրահատարան, ձեռք բերել համակարգչային տոմոգրաֆ, թվային ռենտգեն սարքավորում: Նաև քայլեր ենք ձեռնարկում ԲԿ-ն նոր կադրերով համալրելու ուղղությամբ: Գերխնդիր է «Շտապ բժշկական օգնության» ծառայության որակը բարձրացնելու հարցը, այդ նպատակով պարտադիր պետք է թարմացնենք ծառայության ավտոպարկը, մասնավորապես ձեռք բերենք գոնե մեկ ռեանիմոբիլ: Պետք է նաև համալրենք անհետաձգելի բուժօգնության ծառայության կադրային բազան: Ծրագրերը շատ են եւ օր առաջ դրանց ներդրմանը միտված քայլեր ենք իրականացնում:

  • Կիսվել: