ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մենք ուզում ենք ունենալ միայն մահացած հերոսներ, ոչ թե հերոսներ, որ մեր շուրջն են ապրում. Վարդանյան

Մենք ուզում ենք ունենալ միայն մահացած հերոսներ, ոչ թե հերոսներ, որ մեր շուրջն են ապրում. Վարդանյան

Մենք չպետք է վախենանք ազնիվ լինելուց։ Չկա մի պետություն, որն ամեն ինչ իդեալական է արել։ Կիսասուտ ապրելով մենք սպանում ենք զգացողությունը՝ ի՞նչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Մարդ չկա, որ սխալ արած չլինի, բայց կարեւոր է հասկանալ սխալն ու ճիշտը: Այս մասին այսօր Երեւանում մեկնարկած Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ ասաց գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը

Նշենք, որ նա միջոցառմանը միացել էր Ստեփանակերտից՝ տեսակապի միջոցով:

Վարդանյանի խոսքով՝ պետք է իրականությանը բաց աչքերով նայել եւ ազնիվ լինել։

՛՛Առաջնորդների խնդիր ունենք։ Արցախում ուր գնում եմ, նույն հարցն եմ տալիս՝ երեք անուն ինձ տվեք, ովքեր ձեզ համար հեղինակավոր են, հարգում եք, ոչ թե որպես որ հայտնի են, պաշտոն ունեն, այլ ում կարծիքը հարգում եք։ Չեն կարողանում անուններ տալ։ Ոչ թե մահացած հերոսների․․․ Մոնթեի, Ազնավուրի, այլ այսօրվա մարդկանց։ Ցավոք, Արցախում զոհված տղաների մոտ 900 նկարներ ունենք, դիմացը չկա 100 նկար, որոնք կենդանի են։ Մենք ուզում ենք միայն ունենալ մահացած հերոսներ, ոչ թե հերոսներ, որ մեր շուրջն են ապրում, մենք չունենք մարդկանց այդ դերային մոդելը, որոնք իրենց օրինակով ասում են՝ սա է ճիշտը՛՛:

Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս վերականգնել վստահությունը՝ նա ասաց՝ վստահության ձեռքբերումը նախ պետք է լինի իրականությունն ազնիվ ու ճիշտ ընդունելը։

Իսկ հարցին, թե ինչպե՛ս կարող են իր ներգրավվածությունն ու ներկայությունն Արցախում ազդել անկախության, ինքնորոշման ձգտումների վրա, ինչպես կարող է դրան աջակցել սփյուռքը, Վարդանյանը պատասխանեց․ ՛՛Երբ ես ասում եմ՝ ես զինվոր եմ ու գնացել կանգնել եմ Արցախի ղեկավարության կողքին, Արցախի մարդու կողքին, որն ապրում է Կարմիր շուկայում, Հին շենում, իրենք պետք է զգան, որ իրենք մենակ չեն։ Երբ ես ասում եմ, որ Սարդարապատ է, չեմ ասում՝ պիտի գնանք ֆիզիկապես կռվենք, այլ այն, որ հետ գնալու ճանապարհ չունենք, դա կարմիր գիծն է, նահանջելու իրավունք չունենք, եւ ոչ միայն ֆիզիկապես, այլեւ արժեքներից նահանջելու իրավունք չունենք։

Մենք պետք է հասկանանք, որ մեր ապագան այս մի քանի ամիսներին է որոշվելու՝ ունենալո՞ւ ենք  Հայաստան, հայկական աշխարհ ու Արցախ, այս ժամանակաշրջանն է փոփոխության հնարավորություն տալու։ Ես վստահ եմ՝ ինչպես 88-ին սկսվեց հայկական աշխարհի վերածնունդը, ստացանք անկախություն, Արցախի անկախություն՝ պատերազմով, հիմա նույն ժամանակն է։ Սարդարապատն ենք ասում․․․ այն ժամանակ Հայաստանում ապրում էր 750 հազար մարդ, կռիվ է գնացել 35 հազարը՝ հինգ տոկոսը։ Ես ուրախ կլինեմ, որ գագաթնաժողովին 600 հոգի է եկել Երեւան, 30 հոգին վեր կենան ու ասեն՝ մենք պատրաստ ենք զինվորի պես լինենք Արցախի կողքին։ Դա չի նշանակում, որ անպայման պետք է ֆիզիկապես գաս այստեղ ապրես, ոչ թե ասես՝ ես էս կարամ,  էս չեմ կարա, այլ ասես՝ ինչ պետք է, պատրաստ եմ անել։ Դա լրիվ այլ մոտեցում է։

Եթե ունենանք մարդկանց 5 տոկոսը, որը  պատրաստ է ոչ թե գնան առաջին գծում կռվեն, այլ զինվորի պես օգնեն, կանգնեն եւ զգան իրենց պատասխանատվությունը Արցախի համար, մենք հաղթելու ենք։ Ամենամեծ հերոսն այն մարդն է, որն ապրում է Արցախում՛՛։

Խոսելով մոտեցումների մասին՝ նա ասաց, որ2020 թվականի պարտությունը մարտական պարտություն է, բայց մենք չենք պարտվել: ՛՛Եվ այդ պարտվելու անընդունելիությունը շատ կարեւոր է։ Սփյուռքի մոտեցումը՝ Արցախում ինչ-որ բան կատարվում է, բայց մենք չգիտենք, թե ոնց աջակցենք,  դա անընդունելի է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ դուք լսեք՝ մենք ինչ ենք անում, հասկանաք՝ ինչ ենք անում։ Ես ձեզ չեմ թողնելու, որ դուք անտարբեր, հանգիստ նստեք ձեր տարբեր ու շատ լավ տեղերում ու զգաք, որ դուք ինչ-որ ձեւով մասնակցում եք, բայց չեք կանգնել մեր կողքին...՛՛,-նշեց նա:

 

  • Կիսվել: