շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Կառավարությունն առաջարկում է ընդլայնել «ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդ-ին առևտուր» գործունեության տեսակի սահմանումը

Կառավարությունն առաջարկում է ընդլայնել «ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդ-ին առևտուր» գործունեության տեսակի սահմանումը

Դեռևս 2021 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով ներդրվեց «թրեյդ-ին» առևտրի տեսակի հասկացությունը: Թրեյդ-ին առևտրի տեսակը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, որի լիցենզիան տրամադրվում է էկոնոմիկայի նախարարության կողմից:

Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 17-ի նիստում ներկայացնելով ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Ներկայում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան ունի տասներկու անդամ, որոնցից թրեյդ-ին առևտրային գործարքի գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացել է միայն երեք կազմակերպություն, որոնք մինչ օրս իրականացրել են ընդհանուր ոչ ավելի, քան տասը թրեյդ-ին գործարք: Նման ցուցանիշը զգալիորեն ցածր է, քան բարեփոխումների փաթեթի քննարկման ժամանակ ակնկալվող կանխատեսումները»,- ասել է Գևորգ Պապոյանը` հավելելով, որ ներկայում գործող կարգավորումները, ոլորտի տնտեսվարողներից ստացված դիմումների համաձայն, հստակ չէ և տարաբնույթ ընկալումների տեղիք է տալիս:

Ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդ-ին առևտրի տեսակի հասկացության տարաբնույթ ընկալումը բացառելու համար անհրաժեշտություն է առաջացել օրենքով հստակեցնել առևտրի այդ տեսակի հասկացությունը: Բացի այդ, թրեյդ-ին գործիքի կիրարկելիությունը բարձրացնելու և լիցենզիա ստանալու ցանկություն ունեցող կազմակերպությունների թիվը մեծացնելու նկատառումներից ելնելով` առաջարկվում է ընդլայնել «ավտոտրանսպորտային ձեռքբերման թրեյդ-ին առևտուր» գործունեության տեսակի սահմանումը: «Առաջարկվում է որպես թրեյդ-ին առևտրի տեսակ դիտարկել նաև այն դեպքերը, երբ ավտոտրանսպորտային միջոցն արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը ֆիզիկական անձից հատուցմամբ ձեռք է բերում այդ ֆիզիկական անձին պատկանող ցանկացած տեսակի ավտոտրանսպորտային միջոց և իրականացնում է այդ ավտոտրանսպորտային միջոցի մանրածախ վաճառք որևէ ֆիզիկական անձին»,- մանրամասնել է Էկոնոմիկայի նախարարը:

Հիմնական զեկուցողի դիտարկմամբ ֆիզիկական անձանց տրվում է ավտոտրանսպորտ վաճառելու և գնելու նոր հնարավորություն: «Սա լավ հնարավորություն է մեր շուկայի զարգացման և սպառողների իրավունքների պաշտպանության համար»,- նշել է Գևորգ Պապոյանը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: