Մենք արմատախիլ կանենք քրեական ենթամշակույթը․ Փաշինյան
ՀՀ կառավարությունը նախատեսում է կոռուպցիայի հետ համատեղ Հայաստանում արմատախիլ անել նաև քրեական ենթամշակույթը՝ միևնույն ժամանակ պաշտպանելով դատապարտված քաղաքացիների արժանապատվությունը: Այս մասին Ազգային Ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ շատ հստակ արձանագրել, որ մեր քաղաքական թիմը ձևակերպել է քաղաքական խնդիր, որ Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը և հերոսացումը պետք է արմատախիլ արվի, քանի որ դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է»,-ասաց վարչապետը:
Նա նշեց, որ այդ արատները պետք է արմատախիլ անել դրանց մասին բարձրաձայնելով, սակայն քրեական ենթամշակույթը դա անվանում է «գործ տալ»: «Եթե կան մարդիկ՝ այդ թվում քաղաքական գործիչներ, պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու չարաչար սխալվում են»,-նշեց Փաշինյանը:
Նա նշեց, որ Եթե խնդիրը լուծելու համար միայն օրենքը բավարար չլինի, ապա ավելի խիստ միջոցներ կձեռնարկվեն: «Սա նաև ինչ-որ առումով հանրության առաջ ստանձնած պարտավորություն է: Եվ այդ պարտավորությունը մենք պետք է կատարենք։ Քրեական ենթամշակույթը հարյուրավոր ընտանիքների է դժբախտացնում, վերջին ունեցվածքը ծախել են տալիս և ուղարկում քրեակատարողական հիմնարկներ։ Սակայն մենք կանգնելու են այդ ընտանիքների կողքին և պաշտպանելու ենք դատապարտված քաղաքացիների արժանապատվությունը»,- հավելեց Փաշինյանը:
Նա նաև նշեց, որ պետությունը քրեակատարողական հիմնարկներում փոփոխություններով, մասնավորապես` սննդի այլընտրանքային համակարգի ներդրմամբ ցանկանում է ցույց տալ, որ դատապարտված քաղաքացիների իրավունքների պաշտպանված են։


