երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարիամ Մկրտչյանը շարունակում է փայլել շախմատի Աշխարհի պատանեկան առաջնությոնում

Մարիամ Մկրտչյանը շարունակում է փայլել շախմատի Աշխարհի պատանեկան առաջնությոնում

Ռումինիայում ընթացող մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների շախմատի աշխարհի առաջնությունում գերազանց ելույթներն է շարունակում Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը:

Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարի միանձնյա առաջատարը 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ սևերով 64-րդ քայլին պարտության մատնելով մոնղոլ Բաթ-Էրդենե Մունգունզուլին, ով վարկանիշով առաջինն է այս մրցաշարում: Մկրտչյանը 5 հնարավորից ունի 5 միավոր ու շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մոտակա 2 հետապնդողներին գերազանցելով կես միավորով:

 

Հայ շախմատիստուհիներից երկրորդ արդյունքն ունի Անի Ավետիսյանը, որը ոչ-ոքի խաղալով ուկրաինացի Եվգենիա Տորոպցևայի հետ, վաստակել է 4 միավոր:
Պատանի հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Էմին Օհանյանը, որը հաղթելով բուլղարացի Նիկոլա Կանովին, վաստակել է 4,5 միավոր: Օհանյանը մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարի 5 առաջատարներից մեկն է:

Տարիքային այս խմբում ելույթ ունեցող Արսեն Դավթյանը և Ալեքս Սահակյանը վաստակել են 3,5-ական միավոր: Դավթյանն առաջին պարտությունը կրեց Ֆրանսիան ներկայացնող Տիմոթե Ռազաֆինդրացիմայի հետ մրցախաղում, իսկ Սահակյանը հաղթեց ռումինացի Ռոբերտ Քրեանգային:

Հաջող են խաղում նաև Մամիկոն Ղարիբյանն ու Սարգիս Սարգսյանը, որոնք վաստակած 4-ական միավորով մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարի 12 առաջատարների թվում են: Ղարիբյանը հաշտություն կնքեց լեհ Յոնաս Բաումի հետ, իսկ Սարգսյանը հաղթեց լեհ մեկ այլ շախմատիստ Բարթլոմիեյ Նիդբալային:

Հայ շախմատիստներից 5-րդ տուրում հաղթանակներ տարան նաև Բենիկ Աղասարովը (Մ14, 3,5 միավոր), Մարիա Գալստյանը (Մ14, 2,5 միավոր) և Մարիամ Խաչատրյանը (Մ16, 2 միավոր):

Այսօր կկայանան 6-րդ տուրի մրցախաղերը:

  • Կիսվել: