ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարաղա 30․ չպատժված և շարունակվող ցեղասպանություն. գիտաժողով ՀՀ ԳԱԱ-ում

Մարաղա 30․ չպատժված և շարունակվող ցեղասպանություն. գիտաժողով ՀՀ ԳԱԱ-ում

 Ապրիլի 11-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Մարաղա 30․ չպատժված և շարունակվող ցեղասպանություն» գիտաժողովը՝ նվիրված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում Մարաղա գյուղի խաղաղ հայ բնակչության ցեղասպանական գործողության 30-րդ տարելիցին և թուրք-ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականությանը:

Ինչպես հայտնում են ԳԱԱ-ից, գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն և «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ն:

«Սա պատմություն է, որը մենք պետք է հիշենք: Սա եղել է ցեղասպանական շարքերի սկիզբը, որն իրականացվել է Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ: Պատմաբանների գործն է, մեր բոլորիս գործն է, որ սա մնա պատմության մեջ որպես հիշողություն, սերունդները հիշեն այս մասին»,- իր խոսքում ասել է ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշել է.

«Ցեղասպանությունը տեղի է ունեցել ամբողջ Հայաստանում: Այն իրականացվել է ոչ միայն Օսմանյան Թուրքիայի ղեկավարության կողմից, այլ նաև երիտթուրքերի և Թուրքիայի կողմից ստեղծված Ադրբեջանի կողմից»:

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունեցել 30 տարի առաջ, ամբողջ ցեղասպանական քաղաքականության շղթայի մեկ օղակն էր:

«Ցեղասպան քաղաքականությունն ուղղակիորեն Օսմանյան կայսրությունից անցավ Ադրբեջանի առաջին Հանրապետությանը, խորհրդային տարիներին ունեցավ իր այլ դրսևորումները, իսկ երրորդ Հանրապետության ժամանակ տեսանք Ադրբեջանի կողմից ինչպիսի դրսևորումներ եղան 1991-1994թթ-ին, 2016 թ-ի ապրիլին և 2020 թ-ին: Մարաղայի ցեղասպանությունը մնացել է ստվերի տակ: Դա ռազմական հանցագործության օրինակ էր խաղաղ բնակչության նկատմամբ: Այս գիտաժողովը կլինի ևս մեկ խթան ավելի խորությամբ այն ուսումնասիրելու և ջրի երես հանելու այն ամբողջ ցեղասպան քաղաքականությունը, որն Ադրբեջանը ժառանգել է Օսմանյան Թուրքիայից և այսօր շարունակում է»,-նշել է նա:

Գիտաժողովի ժամանակ քննարկվել են Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները, հայերի ցեղասպանության շարունակությունը և թուրք-ադրբեջանական իշխանությունների պատասխանատվությունը, հետպատերազմական իրավիճակում հայտնված հայության և հայկական համայնքների հիմնախնդիրները: Ցուցադրվել է «Մարաղա 1992` 20-րդ դարավերջի Գողգոթա» ֆիլմը:

 

  • Կիսվել: