ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը «Պատերազմի և համավարակի միջև․ ականատեսների պատմություններ» խորագրով հեռավար քննարկում է կազմակերպել
Մարտի 18-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում` «Պատերազմի և համավարակի միջև․ ականատեսների պատմություններ» (Between War and Pandemic: Voices from the Field) խորագրով։ Միջոցառումը տեղի էր ունեցել հեռավար` Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (The UN Commission on the Status Women) 65-րդ նստաշրջանի աշխատանքներին զուգահեռ:
Միջոցառմանը որպես բանախոսներ հանդես են եկել Կին խաղաղապահների համաշխարհային ցանցի հիմնադիր և գործադիր ղեկավար Մարիա Վիկտորյա Կաբրերա Բալեզան (Maria Victoria Cabrera Balleza/Founder and Chief Executive Officer of the Global Network of Woman Peacebuilders (GNWP)), միջազգային լրագրող Լինդսի Սնելը (Lindsey Snell/Investigative Journalist, Ewdard R. Murrow), Արցախը ներկայացնող լրագրող Լիկա Զաքարյանը, Կալիֆոռնիայի համալսարանի վիրաբուժության պրոֆեսոր Շանթ Շեքերդիմյանը (Shant Shekherdimian) և քաղաքագետ Կարենա Ավեդիսյանը (Karena Avedissian)։ Քննարկումը վարում էր «Հայ իրավաբանների միության» (Armenian Bar Association) նախագահ Լյուսի Վարպետյանը (Lucy Varpetian):
Միջոցառմանն իր բացման խոսքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշել է, որ ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանը մշտապես բարձրացրել է հակամարտություններից տուժած կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները` ընդգծելով ՄԱԿ-կանխարգելիչ գործառույցի իրականացման գործիքակազմի բարելավման կարևորությունը։
Միջոցառմանը քննարկվել են 2020 թ. Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով կանանց և աղջիկների իրավունքների ոտնահարման խնդիրները, այդ թվում` նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական և առողջապահական համակարգերի գերծանրաբեռնվածության պայմաններում, անդրադարձ է կատարվել պատերազմի և համավարակի հումանիտար բազմաթիվ հետևանքներին: Քննարկումների կենտրոնում էին նաև զինված հակամարտության պայմաններում կին լրագրողների առջև ծառացած մարտահրավերներին, զանգվածային լրատվամիջոցների, ապատեղեկատվական քարոզարշավների ու համացանցում կանանց և աղջիկների համակարգային թիրախավորմամբ ատելության խոսքի ուղղորդման դրսևորումները:
Միջոցառումը հեռարձակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում: