Լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության իրավունքի իրացման համար
Նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման ներառականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոփոխություններ է առաջարկել «Կրթության մասին» օրենքում:
Առաջարկվող լրացումները Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ քննարկվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 6-ի նիստում:
Զարուհի Բաթոյանի խոսքով՝ 2014 թ. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար հանրակրթական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվել է բարձրացված չափաքանակներով, ինչը սահմանված է նաեւ «Կրթության մասին» ՀՀ օրենքով: Հատկացվող ֆինանսավորումը, սակայն, հիմնականում ուղղվել է մասնագետների վարձատրությանը, եւ բավարար ուշադրության չի արժանացել երեխաների անհատական կարիքներին համապատասխան խելամիտ հարմարեցումների ստեղծման գործընթացը: Նախագծով նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից կստանան նպատակային ֆինանսավորում:
Օրենքը սահմանում է, որ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում սովորող երեխաներն ապահովվում են դասագրքերով, հատուկ գրենական պիտույքներով ու հարմարանքներով, գիտամեթոդական նյութերով, սակայն հստակեցված չեն պարտականությունները, եւ հասկանալի չէ, թե ով է պարտավոր ապահովելու վերը նշվածը: Կսահմանվի պետական պարտավորություն՝ հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողներին պետական միջոցների հաշվին դասագրքերով եւ ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով ապահովելու համար:
Հեղինակն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 19-րդ հոդվածը, որով սահմանվում են պետության՝ հատուկ դպրոցներ ստեղծելու լիազորությունները: Ըստ Զարուհի Բաթոյանի՝ այս հոդվածը ժամանակավրեպ է, քանի որ մեր երկիրը վաղուց ստանձնել է համընդհանուր ներառման սկզբունքը եւ հատուկ դպրոցներ բացելու ծրագրեր ու նպատակներ չունի:


